Ահաբեկիչների արձակած կրակոցները ուղղված են բոլորիս դեմ՝ անկախ ազգությունից, տարիքից, սեռից ու դավանանքից. Հ. Նաղդալյան

Այսօր` հունվարի 28-ին, ԵԽԽՎ-ում հրավիրված` Փարիզի ահաբեկչական գործողությունների թեմայով հրատապ քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանն ու պատվիրակության ղեկավար` Հերմինե Նաղդալյանը` ևս մեկ անգամ եվրոպացիների ուշադրությունը հրավիրելով պատմության ընթացքում տեղի ունեցած և մեր օրերին դեռևս շարունակվող հայերի դեմ թուրքերի և ադրբեջանցիների կողմից իրականացվող ահաբեկչական ակտերի շուրջ:  Հերմինե Նաղդալյանն իր ելույթում անդրադարձավ Բաքվի ջարդերին, Ադրբեջանի իշխանությունների կողմից  տասնամյակներով քարոզած հայատյացության քաղաքականությանը:

Ելույթում մասնավորապես ասված է.

«Հարգելի գործընկերներ,

Երբ Հալեպում, Քեսաբում, Դեր Զորում պայթեցվում էին քրիստոնեական եկեղեցիները, հայկական եկեղեցիները՝ նույն ձեռքն էր գործում, որ պայթեցրեց Նիգերիայի քրիստոնեական եկեղեցիները: Նույն ձեռքն էր, որ Փարիզի կենտրոնում գնդակահարեց «Շարլի Էբդո» երգիծաթերթի ծաղրանկարիչներին: Նույն ձեռքն է զազրելի հետևողականությամբ անապատում գլխատում խաղաղ մասնագիտության մարդկանց: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ահաբեկչությունը քաղաքական, տնտեսական, ռազմական խնդիրներ լուծելուց անցել է կրոնական պատերազմի՝ մուսուլմանները քրիստոնյաների դեմ: Բայց դա խաբուսիկ տպավորություն է: Քաղաքակրթությունների պատերազմ չկա: Այո, այսօր շատ պետություններ, ովքեր տասնամյակներով իրականացնում էին մուլտիկուլտուրիզմի քաղաքականությունը, սկսել են ընդունել իրենց ձախողումը: Ո՞րն է պատճառը: Քաղաքականությո՞ւնն էր սխալ, թե՞ իրականացումը ճիշտ ճանապարհով չի կատարվել: Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ես ուզում եմ խոսել այսօրվա ու վաղվա մեր անելիքների մասին: Ավելի կոնկրետ՝ միմյանց հասկանալու, միմյանց արժեհամակարգերը հարգելու, ավանդույթները գնահատելու ու պարզապես տարրական համակեցության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին: Թվում է՝ այնքան պարզ ու հասկանալի ճշմարտություններ են, որ նույնիսկ քննարկելը ավելորդ է, բայց այս պարզ ու հասկանալի ճշմարտությունները աշխարհում ամեն օր պարտվում են այս ու այն տեղ հնչող կրակոցների առաջ: Իսկ մենք դասեր չենք քաղում:

Մենք շարունակում ենք դատապարտումի իմաստուն խոսքեր ասել՝ այդքանով ավարտելով մեր առաքելությունը: Քիչ չէ՞: Նա, ով բուժում է վիրավոր գիշատչին, պատասխանատու է նրա մագիլների համար՝ հին ճշմարտություն է: Ահաբեկչության արտաքին դրսևորումն է կրակող մարդը, իսկ արմատները իրենց հուզող հարցերը զենքը ձեռքն առած լուծել ցանկացող մարդկանց խմբավորումների ֆինանսավորման, սպառազինման ու քաղաքական հովանավորչության մեջ են:

Արաբական աշխարհում ծագած կոնֆլիկտներին հազարավոր եվրոպացիներ են մասնակցել՝ այսօր դա վիճակագրական փաստ է, և նրանք ծագումով արաբներ կամ մուսուլմաններ չէին, նրանց մեծամասնությունը եվրոպացիներ էին, որ մայրցամաքից մայրցամաք էին գնում ոչ արկածախնդրության ծարավից, այլ՝ տուրք տալով գաղափարական ու գաղափարախոսական այն ագրեսիային, որ ահաբեկչական կազմակերպությունները մեծ հաջողությամբ զուգադրում են զինված պայքարի հետ: Իսկ դա նշանակում է, որ մենք նախ պարտվում ենք մեր տանը, հետո՝ մեր տուն մտնողների առաջ: Հանդուրժողականության ու համակեցության մեր կանոնները վերանայել է պետք, մեր արժեհամակարգերը պաշտպանունակ դարձնել է պետք, որպեսզի որևէ ագրեսիվ ու մոլորեցնող գաղափարախոսություն չկարողանա ներթափանցել մարդկանց ուղեղները: Դա առաջին հերթին պետության, բայց հաջողության հասնելու համար՝ ողջ հասարակության գործն է:

Ես ուզում եմ հատկապես կարևորել իրավիճակի ճշգրիտ ու համարժեք գնահատման անհրաժեշտությունը, որովհետև շատ հաճախ տարբեր նկատառումներից ելնելով՝ տրվում են պարիտետային ու ոչ ադեկվատ գնահատականներ, որն էլ պատճառ է դառնում ահաբեկչության հետագա ծավալման: Ընդամենը մի քանի օր առաջ լրացավ Բաքվի հայկական ջարդերի 25-ամյակը:

Դա պետական ահաբեկչություն էր՝ կազմակերպված ու իրագործված ամենադաժան ու անմարդկային մեթոդներով: Ադրբեջանի Հանրապետության գործող իշխանությունը, որ իրեն չի համարում 90-ականների «Ազգային ճակատի» իրավահաջորդը, այդպես էլ դատապարտումի կամ զղջումի մեկ բառ չգտավ վաղեմության ժամկետ չունեցող այն սպանությունների համար, որ արյունով էին ողողել Բաքվի փողոցները, որոնց մասին պարզ գրել է ադրբեջանցի վիպասան Աքրամ Այլիսլին: Ի պատասխան այսօրվա Բաքվում այրվեցին Այլիսլիի գրքերը, իսկ նա դավաճան ու ազգուրաց հռչակվեց: Զարմանալի չէ, որովհետև պետական ահաբեկչությունը Բաքվի համար շարունակում է մնալ հարևանների հետ հարաբերությունների առանցք:

Ի՞նչ, եթե ոչ սեփական ժողովրդի նկատմամբ քաղաքական ահաբեկչություն է պաշտոնական Բաքվի տասնամյակներով քարոզած հայատյացությունը և ամեն օր հնչող պատերազմի սպառնալիքները հարևան Հայաստանի հասցեին: Ի՞նչ, եթե ոչ ռազմական ահաբեկչություն է պաշտոնական Բաքվի ռազմական բյուջեի տարեցտարի բազմապատկումն ու հարձակողական զինատեսակների ձեռքբերումը: Եթե ահաբեկչություն չեն, ի՞նչ են 1994-ին կնքված զինադադարի ամենօրյա խախտումներն ու չդադարող հրաձգությունը շփման գծում, անցյալ ամռան դեպքերը, որ կարող էին պատերազմի վերածվել, վերջապես՝ հայկական ուղղաթիռի խոցումն ու զոհված օդաչուների մարմինները տաս օր կրակի տակ պահելը, որպեսզի հնարավոր չլինի հողին հանձնել:

Ես սա ասում եմ սրտի խոր ցավով, որովհետև զոհվում են  18-20 տարեկան պատանիներ, թե հայեր և թե ադրբեջանցիներ, որ պիտի ապրեին ու ապրեին: Ու եթե մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, ի՞նչ են պաշտպանում մեր հարևանները: Տարածաշրջանում խաղաղությո՞ւնն ու կայունությո՞ւնը: Հայաստանն ու հայերին թիվ մեկ թշնամի հայտարարելու իրենց իրավո՞ւնքը, որպեսզի բոլոր ներքաղաքական ու սոցիալական խնդիրները թշնամու գոյությամբ արդարացնեն:

Սթափվել է պետք: Նախորդ դարերի պատմությունը բոլորիս ապացուցել է, որ պատերազմներով, սպանություններով, ահաբեկչություններով լուծված խնդիրները կարճ կյանք են ունենում՝ մինչև հաջորդ պատերազմը, հաջորդ սպանությունն ու հաջորդ ահաբեկչությունը: Մենք արժանի ենք խելամիտ, խաղաղ ու բարեկեցիկ կյանքի, որը հնարավոր կդառնա միայն ընդհանրական գիտակցության մեջ կատարված փոփոխությունների շնորհիվ, որոնց անհրաժեշտությունը, հույս ունեմ ու հավատում եմ, գիտակցում է իմ գործընկերների գերակշիռ մեծամասնությունը: Եվ եթե մենք ուզում ենք ազատվել այդ չարիքից, պիտի հասկանանք, որ ահաբեկչությունը ուրիշինը չի լինում, ուրիշի զոհ չի լինում, ահաբեկիչների արձակած կրակոցները ուղղված են բոլորիս դեմ՝ անկախ ազգությունից, տարիքից, սեռից ու դավանանքից»:

 

Տեսանյութեր

Լրահոս