
Լոռու մարզի դատավորին առաջադրված մեղադրանքը կվերաորակվի. news.am

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակվել:
Ըստ NEWS.am-ի աղբյուրների՝ նրան առաջադրված կաշառքը ստանալու մեղադրանքը կարող է փոխվել և առաջադրվել մեղադրանք խարդախության հատկանիշներով:
Բանն այն է, որ սնանկության գործով, որի շրջանակներում էլ նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, գրավի տակ գտնվող գույքը ոչ մեկը չի կարող վաճառել, դա գրավառուի գույքն է, որն ամեն րոպե կարող է վերցնել: Իսկ քանի որ կաշառք վերցնում են ինչ-որ գործողություններ անելու համար և դատավորը առանց գրավառուի համաձայնության չէր կարող որևէ բան անել, այս հանգամանքն էլ կարող է դրվել մեղադրանքի վերաորակման հիմքում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանը: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն այսօր ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ, որը բավարարվել է: Դատավորը կալանավորված է: