Բաժիններ՝

«Կլինի Պերմյակովը, Սիդորովը, թե այլ մեկը, ով էլ կատարել է այդ ոճիրը, գտնվել է մեղսունակ վիճակում»

«Ասպարեզի» զրուցակիցը հոգեբան, ԳՊՄԻ դասախոս Աշոտ Հակոբյանն է:

-Պարոն Հակոբյան, վերջերս մեր քաղաքում տեղի ունեցավ դաժան սպանություն: Ինչպիսի՞ն է այժմ Գյումրիում տիրող հոգեբանական մթնոլորտը:

-Եթե պարզ ներկայացնենք, ապա արտաքուստ խաղաղ, հանդարտ, բայց ներքին մղումների, տեղաշարժերի, լարվածության գաղտնի աճի տեսանկյունից իրավիճակը, իհարկե, մնում է լարված: Լարվածության պատճառը այդ ոճրագործության վերաբերյալ շարունակվող անորոշություններն են: Պատճառը, հոգեբանական օրինաչափության տեսանկյունից, դեռեւս չդադարող ասեկոսեներն են, հանրության սպասումների՝ դեռեւս ոչ բավարարված վիճակն է: Բնական է՝ այն ներքին լարված վիճակը, որ կար նաեւ մինչեւ կատարված ոճրագործությունը:

-Ինչ-ինչ հանգամանքների բերումով հնարավո՞ր է՝ Գյումրիում մթնոլորտն ավելի թեժանա, կամ հակառակը՝ հանդարտվի:

-Ես իմ մարդ էության մեջ լավատես եմ, բայց տվյալ պարագայում չեմ կարծում, թե լավատեսության հիմքեր կան, քանի որ խորը պատճառների տեսանկյունից, Շիրակի մարզը, մասնավորապես Գյումրին, երկար ժամանակ է, ինչ սոցիալական ծանր հարվածների դաշտում են: Հանրապետությունում կատարվող հայտնի գործընթացները, որոնց մասին չեմ ուզում խոսել, Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում, միշտ ստեղծում են սոցիալական պայթյունավտանգ վիճակ: Հետեւաբար, չեմ կարծում, թե գնալով իրավիճակը կբարելավվի: Իրավիճակը կբարելավվի այն դեպքում, երբ երկրի իշխանություններն ուղղորդված քայլեր ձեռնարկեն: Հակառակ դեպքում, ոչ մի լավատեսության հիմք չկա:

– Համացանցում կան հանցագործության մեջ կասկածվող անձի՝ Վալերի Պերմյակովի մի քանի լուսանկարներ, նաեւ տեսակադրեր հարցաքննությունից: Որոշ հոգեվերլուծաբաններ փորձում են ինչ-ինչ դատողություններ անել՝ ելնելով նրա դեմքի արտահայտությունից: Դու՞ք ինչպես կբնութագրեիք Պերմյակովին. արտաքինից նա մարդասպանի տպավորություն թողնու՞մ է, թե՞ ոչ:

-Իհարկե, որոշակի օրինաչափություններ կան, բայց դրանք այնքան էլ գիտական չեն, այլ, մի տեսակ ժամանցային բնույթի են: Ես չեմ կարող այդպիսի գնահատականներ տալ: Ես մի բան գիտեմ. իմ ներքին էությունը դեմքի վրա արտատպված չէ: Շատ դեպքերում դա կարող է խաբուսիկ լինել եւ իմանալ, թե ով է մարդն իր ներքին էության մեջ, բնավ էլ բավական չէ՝ նայելով նրա դեմքին, աչքերին եւ վարքականոնին: Ձեր կողքին կարող է ապրել ոճրագործը, հոգեկան հիվանդը, անբարո ինչ-որ մեկը, ստահակը, եւ դուք արտաքինից ոչինչ չեք կռահի:

-Համացանցում երկու տեսակետ է պտտվում այն մասին, որ կամ Պերմյակովը սառնասրտորեն իրականացրել է այդ ոճիրը, կամ ընդհանրապես կարող է կապ չունենալ դրա հետ:

-Մի անգամ ինձ ուղղված մի հարցին՝ ես այսպես եմ պատասխանել: Միանգամից չմտածել, որ կատարող անձն ինքն է: Այստեղ անձի որոշակիությունը կարեւոր չէ: Ոճիրը, կատարվել է մեղսունակ անձի կողմից, իսկ թե ո՞վ է կատարել, տվյալ պարագայում դա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ նա, ով կատարել է այդ ոճիրը, գտնվել է մեղսունակ վիճակում: Այնպես չլինի, որ հետո հանրությանը խաբեն, թե կատարող անձն անմեղսունակ է, քանի որ գործողությունների շարքը ցույց է տալիս, որ սա մեղսունակ անձի արարք է: Դա կլինի Պերմյակովը, Սիդորովը, թե ինչ-որ այլ մեկը, ով էլ որ անի, կամ ում հետ էլ, որ ինքը հանցակից է եղել, նրանք բոլորն էլ մեղսունակ վիճակում են եղել: Դա պետք է նշվի, որպեսզի հանրության վզին հետո նոր խաբեություն չփաթաթեն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս