Բաժիններ՝

Հայրը սպանել է որդուն, դանակն էլ հետը թաղել ավտոտնակում. հարևանները՝ Շենգավիթի առեղծվածային սպանության մասին. armlur.am

Շենգավիթի Արտաշիսյան փողոցում այսօր ողբերգություն է տեղի ունեցել: Բնակիչներից մեկին, ով 3 օր շարունակ հարազատների կողմից փնտրվում էր որպես անհայտ կորած, այսօր հայտնաբերել են թաղամասի ավտոտնակներից մեկում՝ թաղված վիճակում: 45-ամյա Գերման Ոսկանյանին բնակիչների շրջանում պտտվող լուրերի համաձայն, ըստ նախնական վարկածի, սպանել է հայրը՝ Կարո Ոսկանյանը:

Armlur.am-ի հետ զրույցում սպանվածի հարևանուհիներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը, հայտնեց, որ Ոսկանյանների ընտանիքում մշտապես տարաձայնություններ են եղել՝ մասնավորապես Գերմանի մոր և իր կնոջ միջև:

Կայքի զրուցակցի խոսքով՝ սպանվածի մայրն արդեն մոտ 20 տարի շարունակ չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ որդին ամուսնացել է այն կնոջ հետ, ում ինքը չի ընտրել: Հենց այս էլ եղել է պատճառը, որ մայր ու որդի վիճել են, ավելի ուշ վիճաբանությանը խառնվել է հայրը, արդյունքում տեղի է ունեցել ողբերգությունը:

«Կողքի հարևաններն ասում են մի քանի օր առաջ այն աստիճանի են վիճել, կռվել, որ հարսն էլ աղջկան վերցրել, հոր տուն է գնացել: Հիմա թե ինչ կլինի դրանց վիճակը, մենակ Աստված գիտի: Ասում են, թե հայրը դանակով է սպանել տղուն, դանակն էլ հետը թաղել ավտոտնակի փոսում»,- նշեց հարևանուհին՝ հայտնելով նաև, որ սպանվածը ունի նաև որդի, ով ժամկետային զինծառայող է, և դեռևս դեպքի մասին տեղյակ չէ:

Հարևանուհու խոսքով՝ իրենք չեն կարողանում հասկանալ այն հանգամանքը, որ որդուն սպանած հայրը ոստիկանություն է դիմել՝ հաղորդելով որդու անհետացման մասին: Նա ասաց նաև, որ իրեն լուրեր են հասել, թե Գերմանի անհետացման օրը նրան տեսել են շենքի առաջ՝ ավտոմեքենա նստելիս, իսկ թե որ ուղղությամբ է նա գնացել, ոչ ոք չգիտի:

«Չեմ ուզում վատաբանել, բայց ամեն ինչ սկսեց մոր հետ տարաձայնություններից: Երկու աղջիկ էլ ունեն, մինուճար տղա էր, փորձանք էր էկավ էդ տուն: Խելոք, աշխատող, ընտանիքին նվիրված մարդ էր, ափսոս»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս