Չորս դպրոցականներ Հնդկաստան մեկնելու ուղեգրեր ստացան

Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում շնորհավորել է Հնդկաստանի դեսպանին և հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ շեշտելով տպավորիչ առաջընթացը, որն ապրում է Հնդկաստանի Հանրապետությունը վերջին տարիներին՝ ցուցադրելով ոչ միայն բացառիկ մշակութային արժեքներ, այլև տպավորիչ տնտեսական աճ և ռազմական ներուժ:

«Ժամանակակից Հնդկաստանը նորագույն տեխնոլոգիաների, որակյալ կրթության, բարի և ջերմ մարդկանց երկիր է: Խորհրդանշական է, որ անցյալ տարի մենք նախաձեռնեցինք մի մրցույթ, որն անսպասելիորեն դարձավ ամենազանգվածային ստեղծագործական մրցույթներից մեկը Հայաստանի դպրոցականների համար:

Հարյուրավոր հայ աշակերտներ, մեկ ամիս շարունակ առաջնորդվելով «Ես սիրում եմ քեզ, Հնդկաստա՛ն» գաղափարով, իրենց ջերմությունն ու սերը նվիրեցին հնդիկ ժողովրդին՝ նկարների ու շարադրությունների միջոցով: Հուսով եմ, որ այս գեղեցիկ միջոցառումը կունենա շարունակություն, և մենք կկազմակերպենք նույնպիսի մրցույթ նաև Հնդկաստանում, որտեղ հարյուրավոր հայ աշակերտների կողքին կկանգնեն հազարավոր հնդիկ աշակերտներ՝ նվիրելով իրենց սերը հայ ժողովրդին»,- իր խոսքում նշել է Արմեն Աշոտյանը:

Իր հերթին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ մրցույթի կազմակերպմանն աջակցելու համար, ընդգծել է, որ «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության մրցույթը դեսպանատան ամենամեծ նախաձեռնություններից էր.

« Այս մրցույթը հայ-հնդկական բարեկամության ամրապնդմանը նվիրված ամենամեծ դիվանագիտական հաղթանակն է»,- իր խոսքում նշել է դեսպանը:
Այնուհետև հայտարարվել է հաղթողների անունները, որոնց մրցանակները հանձնել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը:

Մրցանակային առաջին տեղեր գրաված 4 դպրոցականներ՝ Նանե Պետրոսյանը և Վիկտորյա Թորոսյանը /շարադրություն/, Սիրանուշ Մխիթարյանը և Ալվարդ Բաղդասարյանը /նկարչություն/, ստացել են Հնդկաստան մեկնելու ուղեգրեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս