Բաժիններ՝

Մթնոլորտի զոնդարկման բնագավառում Հայաստանը միակն է Հարավային Կովկասում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունը «Կամավոր համագործակցություն» ծրագրի շրջանակներում Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպությունից (ՀՕԿ) ստացավ ևս 300 ռադիոզոնդ:

Մթնոլորտի զոնդարկումը եղանակի՝ մասնավորապես վտանգավոր օդերևութաբանական երևույթների կանխատեսման համար ունի որոշիչ նշանակություն: Զոնդարկման տվյալները հնարավորություն են տալիս ստանալ մթնոլորտի ուղղաձիգ կտրվածքի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, խոնավության, քամու ուղղության և արագության վերաբերյալ տեղեկատվություն:

Բացի այդ, ստացված տվյալների և գետնամերձ շերտի ջերմաստիճանի միջոցով գնահատվում է տրոպոսֆերայի անկայունության էներգիայի չափը, որի մեծ արժեքը պայմանավորում է հզոր կույտ-անձրևային ամպերի զարգացում, առատ տեղումների, ինչպես նաև փոթորկային քամիների առաջացում:

Վերջին տարիներին Հարավային Կովկասի տարածաշրջանում մթնոլորտի զոնդարկում կատարվում է միայն Հայաստանի Հանրապետությունում Երևանի աէրոլոգիական կայանի կողմից` օրական մեկ անգամ, Գրինվիչի ժամանակով ժամը 00-ին:

Հատկանշական է այն փաստը, որ կայանն ընդգրկված է Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության գլոբալ կլիմայական դիտարկումների համակարգի (GCOS) մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրության գլոբալ ցանցում (GUAN): Երևանի աէրոլոգիական կայանը ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի կլիմայի մոնիթորինգի ենթատարածաշրջանային Կենտրոն է և իրականացնում է ամսական և սեզոնային կլիմայի մշտադիտարկում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:

ՀՕԿ-ի Կամավոր համագործակցության ծրագրի շրջանակներում, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունը 2014թ.-ի ընթացքում ստացել է 1200 ռետինե փուչիկ որոնց միջոցով իրականացվում է ռադիոզոնդերի բացթողումը մթնոլորտի վերին շերտեր, իսկ 2015թ.-ի հունվարին՝ ևս 300 ռադիոզոնդ, որոնց ընդհանուր արժեքը 36 մլն դրամից ավել է:

Ռադիոզոնդերի ստացված քանակը հնարավորություն կընձեռի իրականացնել մթնոլորտի վերին շերտերի զոնդարկում: Նշենք, որ ՀՕԿ-ի հետ սերտ համագործակցությունն ունի 10 տարվա պատմություն և Հարավային Կովկասի տարածաշրջանում բացառիկ է:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս