Բաժիններ՝

Ռուսիո պատրիարքը մերժել է Շիրակի թեմի առաջնորդի խնդրանքը՝ միջամտել Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցում (տեսանյութ). «Ազատություն»

Համայն Ռուսիո պարտիարք Կիրիլը մերժել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խնդրանքը՝ միջամտել Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցում: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Աջապահյանի դիմումին Ռուսաց պատրիարքարանից պատասխանել են․ «Իրավական գործընթացներին միջամտելու անհրաժեշտություն և կարիք չկա»:

«Ընդամենը եղել է այն, որ ես դիմել եմ տեղի ռուս հոգևորականին՝ հայր Անդրեյին, ով նաև ռազմաբազայի հոգևորականն է, և դիմել եմ ամենածանր պահին, երբ որ ընթանում էին հյուպատոսարանի մոտ բախումներ: Այդ պահին զանգահարել եմ իրեն և բավական զգացմունքային ալիքի վրա իրենից պահանջել եմ, որ դիմի պատրիարքին և պատրիարքի միջամտությունը փորձի ունենալ: Այս է եղել: Այլապես ես ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր ուղղակի Ռուսաց պատրիարքին չեմ դիմել: Եվ հայր Անդրեյը հենց այդ պահին խոստացավ, որ անմիջապես կկապվի պատրիարքարանի հետ: Եվ կարծում եմ, որ անմիջապես էլ կապվեց։ Հետո ես պատասխան ունեցա հայր Անդրեյից, որ պատրիարքարանը ցանկություն է հայտնել չմիջամտել, որովհետև իրավական գործընթացներին միջամտելու անհրաժեշտություն կամ կարիք չի տեսել»:

Սրբազանն ասաց, որ ինքը ևս պահանջատեր է, որ Պերմյակովին հանձնեն հայ իրավապահներին: Պահանջը, նրա կարծիքով, անիրագործելի չէ, և եթե չբավարարվի, չի բացառվում, որ մարդիկ կրկին փողոց դուրս գան․

«Ժողովուրդը դարձյալ կարող է փողոց դուրս գալ, եթե դարձյալ լինի որևիցե մի անզգույշ արտահայտություն և եթե լինի որևիցե ոչ ճիշտ մոտեցում և չկատարվի ժողովրդի մինիմալ պահանջը: Ժողովուրդը մեծ պահանջ չի դնում․․․ Մեծ, անիրական պահանջ կլիներ թերևս, եթե ասեին, որ հինգ օրում ռազմաբազան տարեք այստեղից․․․ Բայց ժողովուրդը անիրական պահանջ չի դնում․ ասում է՝ հանցագործին հանձնեք հայ իրավապահներին: Այդտեղ ոչ մի անհնարին բան չկա: Եթե ինչ-որ մի պրոցեդուրայի հարց է, ինչ-որ մի գործընթացի հարց է, մի թուղթ ավելի ստորագրելու-չստորագրելու հարց է՝ լավ: Ժողովուրդը դրան կսպասի: Բայց Աստված մի արասցե, որ ժողովուրդը տեսնի, որ ինքը մերժված է: Դա անկանխատեսելի հետևանքների կբերի և դրա պատասխանատվությունը կընկնի պատասխանատուների վրա: Մեզ վրա չի ընկնելու․․․ Թող դրանից հետո չասեն, որ Սրբազանը այսինչ խոսքը ասեց, այնինչ խոսքը ասեց: Ես հավիտենապես շանթարգել չեմ կարող աշխատել այստեղ: Ուրիշները ապուրը եփեն, ժողովրդին բորբոքեն, ես էլ հանգստացնո՞ղ աշխատեմ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս