«ՀՀ-ն, Արցախը և Սփյուռքը պետք է միասնական լինեն թե Ցեղասպանության միջազգային դատապարտման, և թե Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում»

Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի պետական հանձնաժողովի համանախագահ Արտո Տավիթյանի հետ:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել է կիպրահայ համայնքի դերակատարությունը եւ նշել, որ ՀՀ-ն, Արցախը և Սփյուռքը պետք է միասնական լինեն թե Ցեղասպանության միջազգային դատապարտման, և թե Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում:

Զրուցակիցները քննարկել են Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես անցկացնելու մանրամասները:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս