Բաժիններ՝

«Սա մեկ հոգու բան չէ… ամենքի գլխին մի հոգի կանգնել է ու ասել` չշարժվե՛ք… ու հերթով գյուլլելով անցել են». Ավետիսյանների հարազատների վարկածները. ԳԱԼԱ

Ավետիսյանների ընտանիքի սպանությունից երկու շաբաթ անց գործում տուժողների իրավահաջորդներ ընդգրկված չեն: Ավետիսյանների հարազատները չունեն նաեւ փաստաբաններ, ովքեր կզբաղվեն նրանց շահերի պաշտպանությամբ: ԳԱԼԱ-ն այսօր հանդիպել է սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ եւ դստեր հետ: Պարզել, որ խնդիրը ոչ թե ցանկության բացակայությունն է, այլ վախը:

«Մենք մեր վշտով նստած ենք եւ ի վիճակի չենք եղել ոչ մի տեղ դիմել»,-ասում է տիկին Ռիտան:

Հասկանում են, որ պետք է, որ գործում տուժողի իրավահաջորդներ լինեն: Ավետիսյանները 2 դուստր ունեն, իսկ Հասմիկ Ավետիսյանը քույրեր ունի: Իրավահաջորդներ կան, սակայն, փաստացի, դեպքից օրեր անց որեւէ մեկը ներգրավված չէ գործում: Տիկին Ռիտան բացատրում է՝ պատճառը վախն է: Ասում է՝ Ավետիսյանների աղջիկները ծանր վիճակում են, վախենում են ամեն ինչից եւ ամենքից, չունեն համարձակություն միջադեպից հետո որեւէ մեկի հետ հանդիպել կամ որեւէ բան անել:

Ընդգծում են, որ իրենց մեջ չկան իրավական գիտելիքներով հարազատներ, ովքեր կօգնեին, կուղղորդեին իրենց ինչ որ քայլեր ձեռնարկել:

Երեւանում բնակվող աղջկա սկեսուրը պատմում է. «Իմ հարսն ամբողջ գիշեր նստած է, ես էլ կողքը: Դանակ է վերցնում ձեռքը, պատառաքաղ է վերցնում, ասում է մամ, որ չհարձակվեն մեր վրա: Սարսափելի իրավիճակ է»:

«Ես էլ մորաքույրն եմ, ես էլ իմ կյանքից եմ վախենում, մինուճար տղա ունեմ: Պետք է մեզ փաստաբան լիներ, որ էս բոլոր հարցերը կարգավորվեր՝ երեխեքս չգային-էրթային, մենք չէրթայինք ու գայինք: Իրենք մեր բոլոր հարցերը ներկայացնեին»,-ասում է տիկինը:

Այս ընթացքում միայն գնացել են Գյումրիի քաղաքապետարան: Ասել, որ առաջին հերթին հոգեբանի կարիք ունեն, հետո՝ փաստաբանների: Քաղաքապետարանում գրել են իրենց պահանջը: Տիկին Ռիտան պատմում է, որ վախի գործոնն այնքան մեծ է, որ վաճառելու է Գյումրիի բնակարանը եւ հեռանալու է քաղաքից: «Հենց Գյումրիի ճամփեն գուկանք, ես կմրսիմ, ես կդողամ, հոգեկանս կխանգարվի: Մենք էլ չենք կարող Գյումրիում ապրել: Ես պետք է վաճառքի հանեմ տունս՝ գնամ: Ու՞մ համար մնամ էստեղ: Էս տան մեջ ես էլ չեմ կարող ապրել»:

Քրոջ ընտանիքի մասին միայն կարող է լավը խոսել: Միանշանակ պնդում է՝ թշնամիներ չեն ունեցել: Հարցնում է.

«Դուռը բաց քնողը թշնամի՞ կունենա: Լոգիկայի հարց է: Հիմնականում իրանց տան դուռը բաց է եղել: Իրենք սովորական բանվոր մարդիկ են: Սաղ կյանքերս բազարն ենք կանգնել, տանջանքով ապրած մարդիկ ենք: Արմենս ընդհանրապես խոպանչի չէ: 3 ամիս է գնացել Մոսկվա՝ իր ընկերոջ մոտ: Մինչեւ առ էսօր էլ իրա աշխատած փողը բանկը մնաց՝ 8000 ռուբլին: Բոլորին կարող եք հարցնել, թե ինչ վարքագծի տեր տղա էր՝ խելոք, շնորհքով: Մեր ազգի պարծանքն է եղել…

Արմենիս պես չկա: Նույնը իմ քույրը… սաղ կյանքը տանջված: Ամուսինն էլ՝ Սերոժը, Անապայում է հիմնականում աշխատել: Ուրիշ երկրների հետ կապ չունի: Ոչ կռիվ է եղել, աշխատել եկել են, հալալ քրտինքով ապրող մարդիկ էին: Էդ տան մեջը էլ ինչից կարող էր թշնամի դուրս գար: Աիդան էլ բրաբիոնում կաշխատեր: Բոլորի տունը բացի գեղեցկացնելուց, ուրիշ բան չի արել: Ոչ իրանք մաֆիաների մեջ են եղել, ոչ գողեր են եղել, ոչ թալանչի են եղել, ոչ նարկոման են եղել, ոչ դատված են եղել: Քաշված ընտանիք էր, ինչի՞ պետք է մտնեին իրենց տուն, խփեին սաղին»:

Ավետիսյանների հարազատները միանշանակ չեն հավատում, որ մեղադրյալ Պերմյակովը մենակ կարող էր սպանել ընտանիքի բոլոր անդամներին: Համոզված են՝ նա մենակ չի եղել: Առաջինը սպանված Ավետիսյանների բնակարանի դուռը բացել է հենց տիկին Ռիտան: Միակ մարդը, ով անկողնում չի սպանվել, Արմեն Ավետիսյանն է եղել՝ ընտանիքի տղան: Նրա դիակը եղել է մահճակալի կողքին:

«Էս մեկ հոգու բան չէ: Արմենիս մի հատ փորից, մի հատ գլխից են խփել: Արմենն ըստ երեւույթին ձենից ելել է, բայց սենյակից դուրս չի հասցրել գալ: Անկողնու կողքն էր: Քրոջս մի ոտքն էլ էր կախ գցած անկողնուց: Ես որ մտա, մտածում էի գազից են խեղդվել: Ով կմտածեր, որ քնած տեղը կգան կխփեն:

Փոքր երեխուն հարցնես, չի հավատա, որ ինքը մենակ է եղել: Եթե էդ տան մեջ 2 տղամարդ կա, էդ էշը իրանից ինչ կնրկայացներ որ…. Հետո սենյակներն առանձին-առանձին են: Մի տեղ չեն եղել, որ կանգնի բոլորին սպանի: Առաջինը՝ Աիդաս է խփված եղել: Եթե Աիդային խփել է, էն մյուս սենյակի դուռը ծածկած է եղել: Իրանք գոնե հեռախոսով չէի՞ն կարողանա զանգել: Ամենքի գլխին մեկը կանգնել է ու հրաման է տվել:

Բացի այդ, ոչ մի մարդասպան իրա կոշիկները, իրա շորերն ու ամեն ինչը չի հանե դնե ըսե՝ գել, արի ինձ կեր: Էդպես արեցին, որ շեղեին ճանապարհից: Ինչպե՞ս կարող է 6-7 հոգանոց տունը մեկ հոգի կանգնի գյուլլե: Մինչեւ մեկին հասնելը, մյուսը կարող էր հետեւից խփեր: Տղամարդ էին, թեկուզ զենքին էլ կարող էին հասնել, դեմը կանգնեին, թեկուզ խփվեին, բայց մյուսները կհասնեին: Բայց չեն կարողացել: Ուրմեն ամենքի գլխին մի հոգի կանգնել է, ու ասել՝ չշարժվիք ու հերթով գյուլլելով անցել է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս