
ԵՄ-ն ու ՀՀ-ն ձգտում են զարգացնել հարաբերությունները այն ձևաչափերով, որոնք չեն հակասում մեր պարտավորություններին այլ ինտեգրացիոն ձևաչափերում. Նալբանդյան

«Թե՛ ԵՄ-ն, թե՛ ՀՀ-ն ձգտում են զարգացնել հարաբերությունները բոլոր հնարավոր ձևաչափերով, որոնք չեն հակասում մեր պարտավորություններին այլ ինտեգրացիոն ձևաչափերում»,-այս մասին այսօր՝ 2014 թվականի ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի օրերս կայացած նիստին և դրա ընթացքում Ասոցացման համաձայնագրի ստորագրման հնարավորությունների շուրջ քննարկումներին:
«Մենք ԵՄ-ի հետ քննարկում ենք այն իրավական նոր հիմքը, որը կարող է ստեղծվել, ձևավորվել երկու կողմի միջև, որովհետև թե՛ ԵՄ-ն, թե՛ ՀՀ-ն ցանկություն ունեն, ձգտում ունեն այդ իրավական հիմքին իրավական ձևակերպում տալ և հարաբերությունները, համագործակցությունը, փոխգործակցությունը շարունակել ամրապնդել, խորացնել, զարգացնել բոլոր հնարավոր ձևաչափերով և ուղղություններով, ինչը չի հակասում մեր պարտավորություններին այլ ինտեգրացիոն ձևաչափերում»,- ասաց նախարարը: