Իրականությունը երեխային բարուրելու մասին. օրթոպեդ Կարեն Քոլոյանը հաստատում է բարուրելու վնասակար ազդեցությունը երեխայի առողջության վրա
Երեխաներին մարդիկ բարուրել են դեռևս հին ժամանակներից: Նախկինում կարծում էին, որ դա պաշտպանում է փոքրիկին ինֆեկցիաներից, հիվանդություններից, նպաստում է ողնաշարի ճիշտ զարգացմանը և այլն… Այս կարծիքները, սակայն, չունեն գիտական հիմնավորում, և երիտասարդ ծնողներին հետաքրքրում է՝ բարուրե՞լ արդյոք երեխային, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը doctors.am-ը պարզել է վնասվածքաբան-օրթոպեդ Կարեն Ալեքսանի Քոլոյանի օգնությամբ:
Ե՞րբ և ինչու՞ են մարդիկ սկսել բարուրել նորածիններին,ի՞նչ նպատակով:
Իրականում, պատասխանը հայտնի չէ, սակայն վստահաբար կարող ենք ասել,որ սա հնուց եկած սովորույթ է։ Եթե ուշադիր լինենք՝ մեր խաչքարերի վրա, Մատենադարանի ձեռագրերում մանուկ Քրիստոսի պատկերը գրեթե ամենուր բարուրված է: Սա խոսում է այն մասին, որ դեռ անհիշելի ժամանակներից ի վեր,մարդկությունն ունեցել է բարուրելու սովորույթը։
Ես անձնապես կարծում եմ, որ երեխային բարուրելու պատճառներից մեկը հին ժամանակներում եղել է այն, որ ծնողները միշտ չէ որ կարողացել են լինել երեխայի կողքին,ուստի կապում էին երեխային, որպեսզի նա չշարժվեր կամ չընկներ մահճակալից, անշարժ մնար, քանի դեռ իրենք զբաղված էին առօրյա աշխատանքով:
Երեխային բարուրելու մյուս պատճառն այն թյուր կարծիքն էր, որ բարուրը երեխային տաք է պահում:
Այս երևույթն ընդունված է եղել ոչ միայն միջերկրական ծովի ավազաններում բնակվող ազգերի մոտ, այլ նաև Չինաստանում, Մոնղոլիայում, հնդիկների մոտ… Ի դեպ, վերջիններս, բացի այն, որ բարուրել են երեխային, նաև ամրացրել են փայտե հարմարանքի վրա, որպեսզի կապեն մեջքին և կարողանան աշխատել:
Իսկ ի՞նչ կասեք տարածված այն տեսակետի մասին, թե իբր երեխային բարուրելը նպաստում է նրա ողնաշարի ճիշտ զարգացմանը, ոտքերի ուղիղ լինելուն և այլն…
Այս տեսակետները հետագայում առաջ եկան: Իրականում, բարուրելով երեխային, մենք չենք կարող ազդել ոսկրի առանցքի, աճի վրա, սրանք գենետիկորեն կանխորոշված են՝ երեխայի ոտքերի, ողնաշարի կառուցվածքը հնարավոր չէ փոխել տակաշորերով նրան փաթաթելով: Ոչ վիրահատական եղանակով գրեթե անհնար է ուղղել ոսկրի աճը:
Գիտության, բժշկության զարգացման ընթացքում մարդիկ հասկացան, որ բարուրելն իրականում բացասական ազդեցություն է ունենում երեխայի առողջության, զարգացման վրա: Ժամանակակից աշխարհում այլևս չկա այս երևույթը: Եթե ենթադրենք, որ բարուրելը նպաստում է ուղիղ ոտքեր կամ ուղւղ ողնաշար ունենալուն, ապա ողջ արևմուտքի, ԱՄՆ-ի, Կանադայի բնակչությունը կունենային ծուռ ոտքեր և ծուռ ողնաշար։
Ինչու՞ է այս երևույթը դեռևս ակտուալ Հայաստանում, եթե ժամանակակից աշխարհը վաղուց բացահայտել է դրա վնասակար ազդեցությունը:
Հայաստանում դեռևս 80-ական թվականներից տարվում էր այն քարոզչությունը, որ երեխային բարուրելն իրականում վնասակար է, սակայն դժվար է մարդկանց միջից հանել արմատացած սովորույթները:
Հայաստանյան ծննդատներում ևս բարուրում են երեխաներին: Ի՞նչ կասեք այս փաստի առիթով: Ստացվում է, որ ծնողը կրկնում է այն, ինչ տեսել է ծննդատանը:
Իհարկե, սկսել պետք է հենց ծննդատներից, որտեղ դժբախտաբար դեռ կան մասնագետներ, ովքեր հետևում են այդ սովորույթին: Կարծում եմ, որ ծննդատներում եթե ծնողին հստակորեն ներկայացվի երեխային բարուրելու բացասական ազդեցությունը, սա այլևս չի շարունակվի:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: