Դիվերսիաների փորձերը սահմանին և շփման գծում շարունակվում են (տեսանյութ). «Ազատություն»
Հակառակորդն անցած գիշեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ողջ սահմանի տարբեր հատվածներում դիվերսիաներ և հարձակումներ է իրականացրել՝ այդ թվում հարձակման է ենթարկվել Տավուշի մարզի Մովսես գյուղի հենակետերից մեկը, այսօր առավոտյան հաղորդեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ազատության» հետ զրույցում Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը ասաց, թե գյուղի սահմանագծում տեղակայված հենակետի վրա սա առաջին հարձակման փորձն է։ Հենակետը գյուղից 5-6 կիլոմետր է հեռու։
«Դիվերսիոն գործողություն է կատարվել, հենց հենակետում գնդակահարվել են զինծառայողները և վիրավորվել։ Նկատելը՝ կրակոցից են զգացել, հենց զոհված զինվորը տարածքի մաքրությամբ է զբաղվելուց եղել՝ անզեն, այդտեղ է խփվել, հետո փորձել են իրեն օգնության գալ թե ինչ, օգնողն է վիրավորվել, որին հաջորդն է տեղափոխել թաքստոց։ Հենակետի ավագը փորձել է, երևի, կազմակերպել պաշտպանությունն ու ինքն է խփվել, մի խոսքով, մնացածները կազմակերպել են հենակետի պաշտպանությունը, թուրքերը հեռացել են՝ չթողելով ոչ մի հետք», – ասաց Ավալյանը։
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի