Բաժիններ՝

Երեք հեռախոսները տան անդամներինն էր, մեկ հոգու ոտնահետքեր են հայտնաբերվել, հեռացել է ոչ սովորական ճանապարհով. հարևաններ. ԳԱԼԱ

Գյումրու Մյասնիկյան փողոցի 188 տանը, որտեղ հունվարի 12-ի առավոտյան տեղի ունեցավ ոճրագործություն եւ սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի անդամները, այսօր դարձյալ քննչական խմբի հայ եւ ռուս անդամները ուսումնասիրություններ էին իրականացնում:

ԳԱԼԱ-ին այս մասին փոխանցեցին տան տարածքում օրուգիշեր հսկողություն սահմանող ոստիկանները: Իսկ թաղամասում հավաքված հարեւանները շարունակում են քննարկել տեղի ունեցած դեպքը, որն իրենց ասելով հանելուկ է ամբողջ թաղամասի բնակչության համար: Ինչո՞ւ հենց այս փողոցում, ինչո՞ւ այս ընտանիքը, եւ ինչո՞ւ ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից: Շատ հարցեր կան, որոնց պետք է տրվեն հիմնավոր պատասխաններ, հակառակ պարագայում Ավետիսյանների հարեւանները նշում են, թե որեւէ մեկը հանգիստ ապրել չի կարող:

Թաղամասի բնակչուհիներից մեկը պատմեց, թե տանտիրոջ որդին՝ Արմենը, իր որդու մտերիմ ընկերն էր, հայր եւ որդի դեկտեմբեր ամսին էին վերադարձել արտագնա աշխատանքից, նշել էին նաեւ, որ հունվարի վերջին դարձյալ պատրաստվում էին մեկնել ՌԴ: Սկզբում աշխատել են Անապայում, իսկ վերջին անգամ մեկնել էին Տուապսե.

«Տղեն տղուս ընկերն է, խելոք, շնորհքով, գնաց բանակ եկավ, անշառ, մարդ չգիտի՝ ինչ ասի, ինչ մտածի: Խոպանից նոր էին եկել հեր ու տղա, իմացանք, որ աշխատած փողերն էլ չէին տվել: Սերյոժան տղուս ասել էր՝ նոր տարին անցնի, նորից գնանք»,- պատմեց նրանց հարեւան տարեց կինը:

Իսկ մյուս բնակիչը, ով դեպքից 5 օր առաջ էր տեսել Սերյոժա Ավետիսյանին, ասաց, թե տանտերը իր հետ զրույցում էլ դժգոհել է, թե դրսում աշխատած գումարը չեն ստացել դեռեւս.

«Համենայնդեպս իրանց ընտանիքը թշնամի չուներ, իրանց քրտինքով աշխատող մարդիկ, փող չունեին, որ էդ փողի համար անեին, խելոք, անշառ: Սերոժի մականունը Շանթիկ էր, ասի՝ ի՞նչղ ես Շանթիկ ջան, դեպքից 5 օր առաջ, ասավ՝ յոլա էլի, փող ունենային, էս խանութը 11 հազար դրամ պարտք կունենայի՞ն: Եսիմ ով է կանգնած էս ամենի հետեւում, թող դրան գտնեն»,- նշեց նա՝ շարունակելով, թե դեպքի օրը ժամը 11:30, երբ իմացել է կատարվածի մասին, ոստիկաններից էլ շուտ մտել է Ավետիսյանների տուն ու ահասարսուռ տեսարանի ականատես եղել.

Մահացած տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի հորաքրոջ դուստրը՝ տիկին Ալիսան եւս նշեց, թե իրենց համար Պերմյակովի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներն անհիմն են, չեն հավատում դրանց հավաստիությանը եւ պահանջում են բացահայտել, թե ինչ է տեղի ունեցել իրականում, եւ սպանության դրդապատճառները որոնք են: Նա նշեց նաեւ, որ իրենց հասած տեղեկություններով Պերմյակովի մոտ գտնված 3 հեռախոսները եղել են Ավետիսյանների ընտանիքի 3 անդամներինը՝ տանտիրուհունը՝ տիկին Հասմիկինը, նրա որդու՝ Արմանի, եւ դստեր՝ Արաքսյայի հեռախոսները: Իսկ 6 հազար դրամը հավանաբար Արաքսյայի պայուսակից է հանել: Այլ իրեր բնակարանից չի գողացել, այդ թվում եւ ոսկյա զարդերը: Վերջում էլ հարեւանները տխրությամբ ու մտածկոտ նշեցին, թե հայր եւ որդի Ավետիսյանների ՌԴ-ում աշխատած գումարը երկու օր առաջ է տեղ հասել, որը ցանկանում էին ծախսել բնակարանի նորոգման համար:

Թաղամասում եւ դեպքի վայրում հայտնաբերվել են մեկ հոգու ոտնահետքեր:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս