Վաֆա Գուլուզադեն սահմանային միջադեպերի մեղքը բարդում է Ռուսաստանի վրա

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեին բոլոր տեսակի սահմանային միջադեպերի բացառման շուրջ, Մոսկվան դժգոհ կմնար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց 1990-1999թթ. Ադրբեջանի նախագահի խորհրդական, ադրբեջանցի դիվանագետ, կոնֆլիկտոլոգ Վաֆա Գուլուզադեն` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առաջացած աննախադեպ լարվածությանը: Նա նախ նշեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես պարզ է իր և բոլորի համար:

Ըստ նրա` ներկայիս լարվածությունը շփման գծում ձեռնտու է միայն Մոսկվային, ուստի Մոսկվան է այն հրահրում: «Ադրբեջանական կողմն օկուպացված տարածքների ազատագրման կողմնակիցն է խաղաղ ճանապարհով: Ես անձնապես կարծում եմ, որ հրադադարի խախտումները վճռորոշվում են ոչ թե Երևանից, այլ Մոսկվայից: Եթե Մոսկվան չկառավարեր Երևանին, ապա մենք` հակամարտող երկրներս, ընդհանուր լեզու կգտնեինք ցանկացած հարցում: Եթե մենք ձգտում ենք խաղաղության բանակցությունների միջոցով, ապա ինչո՞ւ են մեզ պետք փոխհրաձգություններ շփման գծում, երբ դա առաջին հերթին՝ մեծ ռեսուրսների ծախս է, իսկ Հայաստանն այդքան էլ հարուստ երկիր չէ, ինչպես Ադրբեջանը: Մեծ գումարներ են ծախսվում այդ սպառազինությունների վրա: Ո՞ւմ է դա պետք: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը հաջողեին պայմանավորվել սահմանին բոլոր տեսակի միջադեպերի բացառման շուրջ, Մոսկվան, միանշանակ, դժգոհ կմնար»,- իր տեսակետը ներկայացրեց Վաֆա Գուլուզադեն:

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին օրերից լարված է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Հունվարի 23-ի առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները դարձյալ հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի կորուստներ:

 

Տեսանյութեր

Լրահոս