Տիգրան Սարգսյանն ու Ադամ Շիֆը անդրադարձել են ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության աճին

Հունվարի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:

Դեսպան Սարգսյանն ու կոնգրեսական Շիֆն անդրադարձան ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգի հարցերի: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց կոնգրեսական Շիֆի անձնական դերակատարությունը Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերն ԱՄՆ քաղաքական օրակարգում մշտապես բարձր պահելու ուղղությամբ: Իր հերթին կոնգրեսական Շիֆը վերահաստատեց իր հանձնառությունը:

Կողմերը քննարկեցին տարածաշրջանում առկա իրավիճակը, մասնավորապես, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության աճին: Այս համատեքստում կոնգրեսական Շիֆն ընդգծեց տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ ջանքերի գործադրման առաջնահերթությունը: Դեսպան Սարգսյանի խոսքերով` այդ հարցում առանցքային նշանակություն ունի ԱՄՆ և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության ակտիվ դերակատարությունը և դիրքորոշումը:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը կարևորվեց ամերիկյան ներդրումների ներգրավման հարցը` շեշտելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի դրական փորձը, համագործակցությունը Սիլիկոնյան հովտի ձեռնառկությունների և ներդնողների հետ։ Կոնգրեսմենը նշեց Արմթեքի անցկացման կարևորությունը` հիշելով, որ առաջին հանդիպումը զրուցակիցների միջև տեղի է ունեցել հենց այդ կոնֆերանսի ընթացքում, որին նա մասնակցում էր` իբրև հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների աջակից։

Կոնգրեսական Շիֆի խնդրանքով ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, դրա շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին և ԵՏՄ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարներին:

Դեսպան Սարգսյանը ներկայացրեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները` կարևորելով ԱՄՆ կոնգրեսականների մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին:

Տեսանյութեր

Լրահոս