Արցախի տնտեսությունը 2014թ.ին պահպանել է տնտեսական աճի դրական դինամիկան
Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ` նվիրված 2015 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների եւ ԼՂՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ընդունելու հետ կապված հարցերին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ ամփոփելով կառավարության նիստի աշխատանքները՝ երկրի ղեկավարն անդրադարձել է անցած տարվա քաղաքական զարգացումներին, կառավարության գործունեությանը եւ 2015 թվականի մեր կարեւորագույն անելիքներին ու աշխատանքներին:
Խոսելով 2014 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքների մասին՝ Նախագահը, ընդհանուր առմամբ, դրանք գնահատել է բավարար: Նախագահ Սահակյանի բնութագրմամբ՝ չնայած համաշխարհային հարթությունում մի շարք բացասական տնտեսական երեւույթների եւ աշխարհաքաղաքական մրցակցության ազդեցությանը` Արցախի տնտեսությունը պահպանել է տնտեսական աճի դրական դինամիկան, կառավարությունը կատարել է ստանձնած սոցիալական բոլոր պարտավորությունները` իրականացնելով աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների, պարգեւավճարների եւ սոցիալական այլ վճարների չափերի բարձրացում: Բակո Սահակյանը մեր բոլոր հաջողությունների հիմքը համարել է մեր ժողովրդի աշխատասիրությունը, նրա օրինապաշտությունն ու լավատեսությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Ձեռքբերումների հետ մեկտեղ երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ չլուծված խնդիրներին եւ անելիքներին: Նախագահն ընդգծել է, որ հատուկ ուշադրություն են պահանջում աշխատանքների ճիշտ կազմակերպմանն առնչվող հարցերը, միջնաժամկետ եւ երկարաժամկետ համապարփակ ծրագրերի մշակումն ու իրականացումը, կադրային ճիշտ քաղաքականությունը, տեղերում նախաձեռնողականության ցածր մակարդակը:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել 2015 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ նշելով, որ կառավարությունից եւ նրա ստորաբաժանումներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք: