Բաժիններ՝

«Երեխայի մահն արդեն վերջն էր»

«Ասպարեզի» հետ զրույցում բլոգեր Արա Նախշքարյանն անդրադառնալով Գյումրիում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերին, ասաց.

«Նախ ասեմ, որ հունվարի 15-ին ընդհանուր իրավիճակն այնքան էլ սրված եւ լարված չէր մինչեւ վերջի գործողությունները՝ այն քայլերը, որոնք կատարվեցին ժամը 19.00-ից, 20.00-ից հետո: Հիմնականում ամբողջ խնդիրը այն էր, որ չգիտես որտեղից եւ ոնց հայտնվեցին մարդիկ ու գյումրեցիների ընդհանուր պահանջն ի չիք եղավ:

Մենք հակված չէինք իրավիճակը սրելուն, քանի որ բոլորիս պահանջը մեկն էր եւ այն արդարացի էր: Ցավոք, մեր ուզածը կիսատ իրականացավ: Մենք նույնիսկ չհասցրեցինք լսել գլխավոր դատախազի խոսքը: Վերջնական տեսքի բերելու համար պետք է բոլորիս հորդորեմ՝ զուսպ մնալ, սպասել հարցի վերջնական կայացմանը՝ քննարկումից հետո:

Կխնդրեի, որ բոլորս լինեինք հավասարակշռված, քանի որ այս պահին ոչ մեկիս ավելորդ լարվածություն պետք չէ: Փառք Աստծո, ժողովուրդը դեռ չի փորձում սրել կամ լարել իրավիճակը: Նախ պետք է հասկանանք, որ այն ոստիկանները, ովքեր կանգնած էին ժողովրդի դիմաց, նրանք էլ էին մեր հայրենակիցները եւ պետք չէ ուղղակի մեր ցասումն արտահայտել մերոնց վրա: Իսկ երեխայի մահը, որը տեղի ունեցավ, կարելի է ասել՝ արդեն վերջն էր:

Հիմա պետք է կարողանանք կենտրոնանալ, համախմբվել եւ ժողովրդի հետ համատեղ ուժերով ունենալ վերջնական որոշում, կարողանալ տիրապետել ինֆորմացիային: Դրանից հետո կհասկանանք, թե ինչ կարելի է անել, որտեղից սկսել եւ որտեղ վերջացնել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս