«Պերմյակովին կկախեն, կքառատեն, ցցին կհանեն Հայաստանում, թե Ռուսաստանում, զորամասում, թե աշխարհի այլ վայրում, ի՞նչ է դրանից փոխվելու». ԳԱԼԱ
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդին հաջորդած իրադարձություններին, մասնավորապես իրավապահ մարմինների գործողություններին և ՀՀ քաղաքացիների արձագանքին, խորհուրդ է տալիս չխորանալ, թե Պերմյակովին ով կդատի՝ հայկակա՞ն, թե՞ ռուսական կողմը: Չի կիսում նաև այն տեսակետները, թե մեղադրյալին ռուսական կողմին հանձնելով՝ «զոհաբերում ենք» ՀՀ ինքնիշխանությունը: Ասում է. «Ո՞վ չի հասկանում, որ մեր ինքնիշխանությունն այնքան էլ ինքնիշխանություն չէ…»:
«Հաշվի առնենք, որ ռուսական օրենքն ավելի խիստ է, գուցե ավելի լավ, որ այդ օրենսգրքով դատապարտվի: Բնականաբար, այս դեպքում եթե կապացուցվի, որ անձն արարքը չի կատարել անմեղսունակ վիճակում, ապա ցմահ է ստանալու՝ անկախ այն հանգամանքից՝ որտեղ և որ դատարանում կդատապարտվի: Իսկ եթե պարզվի, որ անմեղսունակ է, էլի կապ չունի՝ մեզ մոտ կբուժվի, Ռուսաստանում կբուժվի, ամեն դեպքում հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում ցմահ պիտի մնա, ինչպես ռուսներն են սիրում ասել, «ցմահ բանջարեղենի» վերածվի: Պերմյակովին կկախեն, կքառատեն, ցցին կհանեն Հայաստանում, թե Ռուսաստանում, զորամասում, թե աշխարհի այլ վայրում, ի՞նչ է դրանից փոխվելու»,- նշեց Պարգև Օհանյանը:
Վերջինս համոզված է, որ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո ռուսական զորամասերում հետևություններ կանեն՝ կզգաստանան, կբարձրացվի կարգապահությունը. «Չկա չարիք՝ առանց բարիքի: Ես ուղղակի խորհուրդ կտայի շատ չխորանանք: Դրա անունը դնենք ձևականություն… ձևականությունների մեջ չխորանանք: Ինչ խոսք, եթե սրա մեջ խորանանք, իրավաբանորեն ճիշտ է, որ գործի քննությունը պետք է կատարվի մեր դատարանում, մեր իրավապահ մարմինների վարույթում: Բայց, ասենք, դրանից ի՞նչ կփոխվի: Եկեք նաև չմոռանանք, որ մեր իրավապահներն էլ հայ են, մարդիկ են, որոնք լցված են սուբյեկտիվ էմոցիաներով, և բնականաբար այդպես կտուժի օբյեկտիվությունը, քննությունը կկատարվի սուբյեկտիվ, էլ չեմ ասում, որ չի բացառվում տարբեր ոչ օրինական մոտեցումներ»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: