Բաժիններ՝

Քննարկել են «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Այսօր՝ հունվարի 22-ին, Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Քննարկումը կազմակերպվել է Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից ՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների դիմումի հիման վրա:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամներ, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ, մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանրային խորհրդի անդամ, հանձնաժողովի նախագահ Հայրապետ Գալստյանը քննարկմանը մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկել է իրենց մտահոգությունները ներկայացնել առողջապահության փոխնախարարին:

ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր՝ ներկայացնելով հիմնավորումներ հանրային առողջության վրա ծրագրի հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ:

Փոխնախարարը պարզաբանումներ է տվել, իր հերթին ներկայացրել ծրագրի իրականացման անհրաժեշտությունն ու սպասվելիք արդյունքները: Միաժամանակ նա ընդունել է քննարկման ընթացքում հնչած որոշ տեսակետներ ու առաջարկներ՝ խոստանալով դրանք ևս հաշվի առնել:

Քննարկելով ցորենի ալյուրը երկաթով հարստացնելու օգուտներն ու վնասները, համաշխարհային փորձն ու ներկա միտումները, կողմ ու դեմ տեսակետները՝ ներկաներն ընդգծել են հարցն առավել համակողմանիորեն և խորությամբ քննարկելու անհրաժեշտությունը:

Քանի որ նախագիծը խիստ կարևոր է և պարունակում է մի շարք խնդրահարույց հարցեր, որոշվել է Հանրային խորհրդում կազմակերպել ևս մեկ քննարկում, որին կներգրավվեն առավել մեծ թվով հասարակական կազմակերպություններ ու շահագրգիռ կողմեր:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս