Ժամանակավորապես արգելվել է Չինաստանից մի շարք սննդամթերթի ներկրումը (ցանկ)
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 3-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետով, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝
1. Ժամանակավորապես արգելել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի (բացառությամբ սինթեթիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
2, Սույն հրամանի գործողությունը չի տարածվում մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից արտահանված (դուրս բերված) սույն հրամանի 1-ին կետում նշված ապրանքների վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի ապրիլի 16-ի «Ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» N 176-Ա հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: