Բաժիններ՝

Չպատժված հանցանքը նոր հանցանք է ծնում

Պատմաբան Արշավիր Գասպարյանն «Ասպարեզի» հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիում վերջերս տեղի ունեցած սպանությանը, նշեց, որ հանրությունը բոլոր իրավական մեթոդներով պետք է օժանդակի հանցագործության բացահայտմանը, որպեսզի հանցագործն իր արժանի պատիժն ստանա:

«Ամենակարեւորն այն է, որ այդ դաժան հանցագործության դրդապատճառները պետք է բացահայտվեն: Մենք հույսեր էինք փայփայում, որ գոնե փոքրիկը կառողջանար եւ այդ ընտանիքից գոնե մեկը կպահպանվեր: Ցավոք, նա նույնպես մահացավ եւ դա կրկնակի, եռակի է խորացնում մեր համազգային վիշտը»,-ասաց պարոն Գասպարյանը:

Ըստ պատմաբանի, անհրաժեշտ է, որ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտվի եւ կատարվածին տրվի իրավական գնահատական: «Շատ լավ կլիներ, որ քննությունն անցկացվեր մեր իրավական մարմինների կողմից, բայց մենք տեսնում ենք, որ ինչ-ինչ պատճառներով ռուսական կողմը չի ցանկանում գործն հանձնել հայկական կողմին, իսկ եթե երկու կողմն էլ համատեղ են աշխատելու, ուրեմն պետք է մինչեւ վերջ բացահայտեն կատարված հանցագործությունը, որպեսզի չպարզաբանված, մութ հարցեր չմնան, քանի որ չպատժված հանցանքը նոր հանցանք է ծնում: Ցավոք, այսօր մեր հասարակությունը նման դեպքից հետո իրեն ապահով չի զգում, սա արդեն լուրջ ողբերգություն է»,-եզրափակեց զրուցակիցս:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս