Ադրբեջանի ՊՆ-ն կասեցրել է իր Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական տեղեկության հրապարակումը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի նախագահի` 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման և փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող:
Ընդ որում, Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցվող փաստերն ամբողջովին աղավաղելու, ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու հետ մեկտեղ, այդ պետության պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական, առավել ևս` շփման գծում բազմաթիվ անիմաստ մարդկային կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերվող տեղեկատվության հրապարակումը:
Այդ գործելաոճը լիովին տեղավորվում է համապետական մակարդակով վարվող տեղեկատվական քաղաքականության շրջանակներում, երբ «խոսքի ազատություն», «ազատ մամուլ», «մարդու իրավունքներ», «բազմակարծություն» և տեղեկատվական ազատ հասարակությանը բնորոշող բոլոր մյուս հատկանիշները արմատախիլ են արված, երբ ազատ կամարտահայտությունը դիտվում է որպես պետական դավաճանություն, երբ տասնամյակներ շարունակ սերունդները դաստիարակվում են հայի թշնամու կերպարի, մտացածին սեփական պատմության և հանցագործությունների հիման վրա ստեղծված հերոսների մոտիվներով:
ՀՀ պաշտպանության նախարարությունն այսուհետ ևս շարունակելու է բաց, թափանցիկ և օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականությունը` հասարակությանը հաշվետու լինելով մեր զինված ուժերի բոլոր ձեռքբերումների ու առավել ևս` բացթողումների համար, քանզի գիտակցում է դրանք հաղթահարելու, Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության պաշտպանությունն ապահովելու ամբողջ պատասխանատվությունը:
Տեղեկատվական դաշտում որդեգրած մոտեցումների այս տարբերությունը լավագույնս ի ցույց է դնում հակամարտ կողմի հետ գոյություն ունեցող և օրըստօրե խորացող բարոյական ու արժեքային տարբերությունը:
ՀՀ պաշտպանության նախարարություն