Բաժիններ՝

Խորհրդաժողովը չկայացավ, թեև հյուրերը ժամանել էին և սեղանները գցված էին (տեսանյութ)

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից այսօր «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում հրավիրված «Ոչ իշխանական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովը» չկայացավ, թեև հյուրերը ժամանել էին և սեղանները գցված էին: Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ Գյումրու դեպքերի հետ կապված «ավել-պակաս խոսակցությունների տեղիք չտալու» համար խորհրդաժողովը հետաձգվում է:

«Այդ անհրաժեշտությունը կար, որ այսօր անպայման եկեղեցի գնանք: Առաջին օրից քաղաքապետի հետ կապի մեջ ենք: Ամեն ինչ պետք է ճիշտ լինի, լսելով ժողովրդի ձայնը, իրավիճակը տիրապետելով, ամենակարևորը պետք է ճիշտ լինի»,- ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե ի՞նչ գնահատական կտա Գյումրու դեպքերին, Ծառուկյանը պատասխանեց. «Աչիկ ջան, լրագրողուհի ջան, դա տարբեր մարդկանց հարցրու: Ամեն մարդ իր հոգու առաջ, իր աշխատանքի առաջ իր պատասխանը պետք է տա: Ամեն մարդ պետք է անի իր համար՝ մտածելով իր առաջ, իր ժողովրդի առաջ իր քայլերը»:

Գ.Ծառուկյանի առաջնորդությամբ՝ ներկաների մի մասը գնաց Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցի՝ մոմավառության։

Մոմավառությունից հետո Ծառուկյանը լրագրողներին ասաց, թե մարդ պետք է չկոտրվի, չհիասթափվի, կյանքում անհնարին ոչ մի բան չկա, մարդ պետք է հավատա իր գործին և ամեն ինչ լավ կլինի:

Հարցին, թե Գյումրու սպանդը ինչի՞ հետ է կապում, Ծառուկյանը չպատասխանեց, հայտարարեց՝ «թեման փակեցինք» ու հեռացավ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս