Իշխանափոխության ժամկետներից շեղում չի լինի

Գագիկ Ծառուկյանի կողմից հրավիրված խորհրդաժողովին մասնակցելու համար «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրի տարածք էին եկել նաև «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության ներկայացուցիչները`գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի գլխավորությամբ: Կազմակերպության անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանին խնդրեցինք պատասխանել 168.am-ի հարցերին:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ խորհրդաժողովի հետաձգմամբ, հետաձգվում է նաև իշխանափոխությունը, որը դուք հայտարարել եք ձեր կազմակերպության հիմնական նպատակը:

– Ինձ համար որևէ բան չի փոխվում, մենք իշխանափոխության մեր ժամկետը ունենք, և գիտենք, որ օր առաջ պետք է ազատվենք այս իշխանություններից: Այնպես որ՝ այս միջոցառումը այսօր կլիներ, թե մի քանի օր հետո, դա ոչ մի էական ազդեցություն չի կարող թողնել մեր հիմնական նպատակի իրականացման գործում:

– Կասե՞ք, թե որն է այդ ժամկետը:

– Ինձ համար որքան շուտ՝ այնքան լավ, նորից եմ ասում, օր առաջ պետք է այդ գործը իրականացնել: Մեր կազմակերպությունը ունի հստակեցրած ժամկետներ, և այդ ժամկետներից մենք չենք շեղվի: Բայց մյուս կողմից մենք հայ ենք և այս ողբերգությունը, որ տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի հետ՝ ցավ է յուրաքանչյուրիս համար: Իրականում բոլորս էլ այսօր կոտրված ենք, քանի որ փոքրիկը հույսի մի շող էր, որ բոլորիս մոտ էլ կար, բոլորս էլ մտածում էինք, որ Սերյոժան կապրի և կլինի այդ ընտանիքի շարունակողը: Եվ քանի որ այս ամբողջ հայ ժողովուրդն է սգի մեջ, ես ճիշտ եմ համարում այս խորհրդաժողովի հետաձգումը:

Տեսանյութեր

Լրահոս