Լյուդմիլա Սարգսյան. «Այս ստոր ոճրագործությունը հիրավի ցնցել է ողջ հայ ժողովրդին Հայաստանում և Սփյուռքում»

Ցավով տեղեկացանք հունվարի 12-ին Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված դաժան  ոճրագործության զոհ գնացած Ավետիսյանների ընտանիքի ողջ մնացած վերջին անդամի` մանկահասակ Սերյոժայի մահվան մասին: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` անմարդկային և անօրինակ այս հանցագործության հետևանքով ծանր վիրավորված փոքրիկի կյանքը, ցավոք, հնարավոր չեղավ փրկել:

Մենք կիսում ենք Ավետիսյանների ընտանիքի հարազատների, բարեկամների, բոլոր գյումրեցիների վիշտը և սգում նրանց հետ: Այս ստոր ոճրագործությունը հիրավի ցնցել է ողջ հայ ժողովրդին Հայաստանում և Սփյուռքում: Ողջ հայությունը պահանջում է հանցագործության շուտափույթ բացահայտում և խստագույն պատիժ:

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը խստորեն դատապարտում է այս աննախադեպ ոճրագործությունը և կոչ անում իշխանություններին գոնե այս ծանր իրավիճակում դրսևորել հիրավի հայաստանակենտրոն և պետականամետ վարքագիծ և կատարել քրեական գործի արդար քննության և մեղավորին խստագույն պատասխանատվության ենթարկելու ժողովրդի պահանջը:

Պահանջում ենք իշխանություններից բանակցել ռուսական կողմի հետ` Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին փոխանցելու  և գործի քննությունը Հայաստանի օրենսդրության համաձայն իրականացնելու հարցը լուծելու նպատակով:

Միաժամանակ մեծապես կարևորելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները` կոչ ենք անում դրսևորել զսպվածություն և տուրք չտալ հակառուսական տրամադրություններին:

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը կանգնած է ժողովրդի կողքին և իրեն հասու բոլոր քաղաքական և իրավական միջոցները կձեռնարկի ժողովրդի արդարացի պահանջը պաշտպանելու նպատակով:

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչություն ատենապետ Լյուդմիլա Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս