
Ավետիսյանների տան մոտ մոմավառություն է, իսկ Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի դիմաց Երևանից մեկնած ոստիկանական ուժերը պատնեշ են ստեղծել

Ինչպես 168.am-ին հայտնեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը՝ այս պահին բազմաթիվ գյումրեցիներ այցելում են Ավետիսյանների տան մոտ և մոմեր վառելով՝ հեռանում են: «Հիմնականում երիտասարդներ են, բոլորի մոտ էլ շոկային վիճակ է: Քաղաքը հունվարի 12-ից ապրում էր փոքրիկ Սերյոժայի փրկության հույսով»,- Գյումրիում տիրող իրավիճակը այսպես է գնահատում Վահան Թումասյանը:
Ըստ նրա՝ Գյումրի բերված ոստիականական ուժերը պատնեշ են ստեղծել Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի դիմաց, չնայած այդ տարածքում որևէ բողոքի ակցիա տեղի չի ունենում, իսկ ոստիկանական որոշ ուժեր տեղափոխվել են 102-րդ ռազմաբազայի հարակից տարածք: Ըստ Վահան Թումասյանի, խորհրդակցություն է ընթանում նաև Շիրակի մարզպետարանում: