Բաժիններ՝

Երևանում և Գյումրիում ցույցեր են. BBC-ի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին

Երեւանի Ազատության հրապարակում ձերբակալել են տասնյակ ցուցարարների, ովքեր մասնակցում էին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին կազմակերպված մոմավառությանը,-գրում է BBC-ին` անդրադառնալով հայաստանյան վերջին օրերի հայտնի իրադարձություններին:

«Հինգշաբթի ուշ երեկոյան Երեւանի Ազատության հրապարակում հավաքվել էին հարյուրավոր մարդիկ՝ «Օրենքը բարձր է կայսերական հավակնություններից» եւ «Մարտավարական գործընկեր, մարդ եղիր» կարգախոսներով:

Սկսվել է ինքնաբուխ հավաք ի նշան համերաշխության Գյումրիի ցուցարարների, որն ավելի է սրել իրավիճակը եւ հանգեցրել ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախման: Ձերբակալվածների թվում են իրավապաշտպաններ եւ փաստաբաններ: Ոստիկանության որոշ աշխատակիցներ լրագրողների հետ զրուցելիս ասել են, որ օպերատիվ տվյալների համաձայն Ազատության հրապարակում իբր կան զինված մարդիկ:

Կեսգիշերին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվեց պարզաբանում, որում ասվում էր, որ մարդկանց ինչ-որ խումբ, միանալով ցուցարարների երթին, սկսել է ոստիկանների ուղղությամբ քարեր եւ այլ առարկաներ շպրտել, ինչպես նաեւ դիմադրություն ցույց տվել ոստիկաններին»,-գրում է բրիտանական գործակալությունը:

«Բազմաթիվ նախազգուշացումներից հետո ոմանց անօրինական գործողությունները ստիպեցին ոստիկաններին հետագա բացասական հետեւանքներից խուսափելու համար բերման ենթարկել այն քաղաքացիներին, ովքեր չեն ենթարկվում իրավապահների պահանջին»,- ասվում է ոստիկանության պարզաբանման մեջ:

790330«Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, բողոքի ակցիայի մասնակիցները ցրվեցին միայն կեսգիշերին, երբ հաստատվեց, որ ռուսաստանցի զինվորական Վալերի Պերմյակովը՝ ընտանիքի վեց անդամների սպանության կասկածյալը, գտնվում է 102-րդ ռազմաբազայում: Մինչ այդ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, որոնց ի պատասխան ոստիկաններն օգտագործել են հատուկ միջոցներ»,-գրում է BBC-ին` հիշեցնելով, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Նշվում է, որ Պերմյակովը խոստովանել է մեղքը:

«Սպանվածների թաղման արարողությունից հետո բազմաթիվ ցուցարարներ էին հավաքվել դատախազության շենքի դիմաց: Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, դուրս գալով հավաքվածների մոտ, խոստացավ, որ կդիմի Ռուսաստանի իր գործընկերոջը Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու առաջարկությամբ: Մարդիկ չէին հեռանում, նրանք կասկածում էին, որ ռուսաստանցի զինվորականը դեռ 102-րդ ռազմաբազայում է:

Ցուցարարները պահանջում էին, որպեսզի իրենց ցույց տան տեսագրություն, որը կապացուցեր Պերմյակովի՝ ռազմաբազայում գտնվելու փաստը, եւ պահանջում էին, որ զինվորականին դատեն Հայաստանի դատարանում»:

Թարգմանությունը` ԳԱԼԱ-ի:

Աղբյուր` BBC

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս