
IDeA հիմնադրամն ու Ասիական զարգացման բանկը քննարկում են համագործակցության հնարավորությունները

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանն ու Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլն այսօր կայացած հանդիպմանը քննարկեցին հիմնադրամի ծրագրերի շրջանակում համագործակցության հնարավորությունները:
Ա. Գեւորգյանը նշեց, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ուղղված են տարածաշրջանների եւ ենթակառուցվածքների զարգացմանը, եւ այդ ուղղություններով արդյունավետ փոխգործակցություն կարող է ծավալվել բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող քաղաքային համայնքների կայուն զարգացման ու ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակում: Մասնավորապես լայն համագործակցության հեռանկարներ են առկա հիմնադրամի կողմից նախաձեռնված Դիլիջանի զարգացման ծրագրի համատեքստում:
Դիլիջանի կանոնակարգված զարգացման տեսակետից զրուցակիցները կարեւորեցին քաղաքի զարգացման ռազմավարական ծրագրի, ինչպես նաեւ գոտեվորման պլանի առկայությունը եւ քննարկեցին ծրագրի մշակման հարցում համագործակցության հնարավորությունները: Դեյվիդ Դոլը տեղեկություններ ներկայացրեց նաեւ բանկի տեխնիկական աջակցությամբ հանրապետության չորս քաղաքների, այդ թվում՝ Դիլիջանի զարգացման ծրագրերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:
Քննարկվեցին նաեւ ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման, հասարարակական ենթակառուցվածքների զարգացման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում տեղական իշխանությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները:
Կողմերն ընդգծեցին նաեւ, որ հետաքրքիր համագործակցություն կարող է ձեւավորվել նաեւ համայնքային զարգացման այլ ծրագրերի շրջանակում:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալ–տնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատեւումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթևի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին