Նիկոլայ Ռիժկով. Ես հասկանում եմ մարդկանց զգացմունքները, բայց խնդրում եմ սթափ գնահատել. Panorama.am
Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, հնարավոր է ամենուր, բայց դա չի նշանակում, որ պետք է կասկածի տակ դնել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը:
Ն. Ռիժկովն իր անկեղծ ցավակցությունները փոխանցեց տեղի ունեցածի առթիվ և վստահեցրեց, որ Հայաստանում տեղի ունեցածի առթիվ ցավ են ապրում բոլոր այն անձինք, ովքեր գիտեն Գյումրին ու բարեկամաբար են տրամադրված Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Նրա խոսքով՝ այս օրերին, թե ինքը, թե իր գործընկերները դժվարությամբ են ընկալում տեղի ունեցածը.
«Այն , ինչ տեղի ունեցավ, առահասարակ դժվար է պատկերացնել. ինչպե՞ս կարող է մարդ անել այն, ինչ կատարվել էր այդտեղ: Ցավոք եղել է այն, ինչ եղել է: Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, ցավակցում ենք Գյումրիի բնակիչներին, սպանվածների հարազատներին ու բարեկամներին»:
Անդրադառնալով միջադեպի քննությանը՝ Նիկոլայ Ռիժկովը նշեց, որ պետք է խստորեն հետևել օրենքի պահանջներին. «Ակնհայտ է, որ պետք է առաջ ընթանալ օրենքի պահանջներին խիստ համապատասխան: Մենք համաձայնագիր ունենք, առկա են բազմաթիվ փաստաթղթեր, և տվյալ դեպքում քննությունը, բոլոր ընթացակարգերը պետք է իրականացվեն համատեղ՝ ռուսական և հայկական կողմերի մասնակցությամբ: Դուք գիտեք, որ մեզ մոտ երկրի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը , պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, չափազանց անհանգստացած են: Այսինքն՝ դա մեզ բոլորիս ցնցել է: Ես բացարձակապես վստահ եմ, որ օբյեկտիվ քննություն կլինի, երբ միասին կնստեն և Հայաստանի, և Ռուսաստանի ներկայացուցիչները, ու դա ոչ մեկին հնարավորություն չի տա ասելու, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան ճիշտ չի գնահատել: Պետք է խնդիրը միասին լուծել»:
Իր խոսքում Ն. Ռիժկովը նշեց, որ տեղի ունեցած ողբերգությունը քաղաքական շահարկումների ենթարկելու փորձեր է նկատում:
«Ցավոք սրտի, ողբերգությունների վրա ոմանք քաղաքականություն են իրականացնում: Ցցավալի է, բայց այստեղ ոչինչ անել հնարավոր չէ: Կարծում եմ՝ դժվար է պատկերացնել, որ չէր գտնվի որևէ մեկը, ով կօգտագործեր այս փաստը հայ ժողովրդի հետ մեր փոխհարաբերությունների կտրվածքով: Ես հասկանում եմ, որ հայ ժողովրդի զգալի հատվածը մարդիկ են, ովքեր մեր ընկերներն են, բարեկամները:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: