Գարգառ գյուղի երկու բնակչի պատճառվել է ծանր մարմնական վնաս. Հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Գարգառ գյուղի երկու բնակչի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
2015 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 04:40-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ստորին հատվածում դանակի կտրող, ծակող, թափանցող վերքերով բժշկական կենտրոն են ընդունվել Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչներ Ս. Շահվերդյանը և Լ. Հարությունյանը:
Նույն օրը Լ.Հարությունյանը գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ ընկերոջ՝ Սամվել Շահվերդյանի հետ 2015 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 02-ի սահմաններում, նրան պատկանող «Օպել-Վեկտրա Ա» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհով երթևեկելիս, ավտոմեքենան կանգնեցրել է անծանոթ, 25-30 տարեկան տղամարդ` խնդրելով տեղափոխել Սպիտակ քաղաք:
Նշված հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որին միջամտել են 3-4 անծանոթ անձինք: Վիճաբանության ընթացքում նրանցից մեկը հարվածել է իր և Ս.Շահվերդյանի որովայնների շրջանին՝ յուրաքանչյուրին պատճառելով ծակած-կտրած մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ 2015 թվականի հունվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Լոռու մարզի քննչական վարչության պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության բացահայտման ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին