Դատավարությունը պետք է լինի Հայաստանում. Շավարշ Քոչարյան
«ՌԴ դեսպանի հետ հանդիպել եմ հենց դեպքի օրը, քննարկել ենք, ցավակցել է և պատրաստակամություն է հայտնել աջակցելու»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով Գյումրիում ռուս զինվորի կողմից հայ ընտանիքի սպանության մասին:
Անդրադառնալով հարցին, թե ՀՀ-ի և ՌԴ ռազմաբազայի միջև ստորագրված համաձայնագրի 4-րդ և 5-րդ հոդվածները ի՞նչ են ենթադրում, և որտե՞ղ պետք է ընթանա դատավարությունը, Շ.Քոչարյանը նշեց, որ դրանց համաձայն՝ եթե ռուսական ռազմաբազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը հանցագործություն է կատարել տեղակայման տարածքից դուրս, ապա դա հայկական իրավասության տակ է, եթե հանցագործությունը կատարել է իր տեղակայման տարածքում կամ ռազամական հանցագործություն է, այդ դեպքում՝ ռուսական:
«Տվյալ դեպքում ունենք 2 տիպի հանցագործություններ, մեկը՝ ծանր հանցագործություն է՝ սպանությունների հետ կապված, մյուսը, որ իրենց իրավասության տակ է, դա պոստ լքելն է, զենքով դրսում հայտնվելը: Սա նշանակում է, որ պետք է լինի համագործակցություն և´ ռուսական, և´ հայկական դատական մարմինների միջև, որպեսզի և´ այն, և´ այս ուղղությամբ դատավարությունները մինչև վերջ ընթանան: Մի բան կարղ եմ հստակ նշել, որ դատվարությունը պետք է լինի Հայաստանում»,- ասաց փոխնախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում