Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության առթիվ
Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարին սկսվեց Գյումրիում տեղի ունեցած սահմռկելի ոճրագործությամբ:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ցավակցում է անմեղ զոհերի հարազատներին ու ամբողջ հայ ժողովրդին և շուտափույթ ապաքինում է մաղթում սպանդի ենթարկված ընտանիքի միակ փրկված շառավիղին:
Իրավիճակը գնահատելու և հետագա քայլեր ձեռնարկելու համար հարկ է նկատի ունենալ, որ անկախ ոճրագործության դրդապատճառներից, դրա վերաբերյալ գործի քննության և լուսաբանման ամբողջ ընթացքը մետրոպոլիայի և ծայրագավառի միջև դասական գաղութային հարաբերությունների օրինակ է, որը ներառում է նշված երկու կողմերից յուրաքանչյուրին բնորոշ գաղութացված գիտակցության ու վարքի հետևյալ դրսևորումները.
1. Ռուսաստանյան ռազմակայանի ներկայացուցիչների կողմից զինված վիճակում՝ զենքը կիրառելու ակնհայտ հավանականությամբ և մտադրությամբ, ՀՀ տարածքում ոճրագործության մեջ կասկածվողի որոնմանը մասնակցելը ՀՀ ինքնիշխանության, Սահմանադրության և ՀՀ ու ՌԴ միջև կնքված միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է: Իր հերթին՝ հայկական կողմից ռուսական կողմի նման միջամտություն թույլ տալը ոչ միայն անօրինական է, այլև նպաստավոր պայմաններ ու նախադրյալներ է ստեղծել ռուսական կողմից ՀՀ ինքնիշխանությունը և Սահմանադրությունը ոտնահարելու համար:
2. ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ ուժերի կողմից ոճրագործության մեջ կասկածվող ռուսաստանյան զինծառայողին ՀՀ իրավապահպան մարմինների փոխարեն ռուսաստանյան ռազմակայանին հանձնելը ՀՀ և ՌԴ միջև կնքված միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում է, քանի որ ՌԴ սահմանապահները և ռազմակայանը ՀՀ տարածքում գտնվելու և գործելու իրավունք ունեն ոչ թե իրենց ազգային օրենսդրության հիման վրա, այլ հայկական կողմի հետ կնքված տարբեր իրավական ռեժիմներով ու նորմատիվ հենքով և, բացի այդ՝ նրանք իրավունք չունեն ՀՀ իրավազորությանը ենթակա հարցերով ինքնուրույն կերպով որոշումներ կայացնել և իրագործել դրանք:
3. ՀՀ տարածքում ռուսական կողմից, այդ թվում՝ ռուսաստանյան սահմանապահների և ռուսաստանյան ռազմակայանի համատեղ գործողություններով ոճրագործության մեջ կասկածվող ՌԴ զինծառայողին ՀՀ ինքնիշխանության և նրա նկատմամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարմամբ հայկական կողմին չհանձնելը վկայում է այն մասին, որ ռուսական կողմը ՀՀ տարածքում հանդես է գալիս ուժի դիրքերից և ձգտում է իր շահերն իրացնել հայկական կողմի շահերի հաշվին:
4. Հայկական կողմը ներկայացնող պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք հերթական անգամ ցույց տվեցին, որ ընդամենը ապազգային, կամազուրկ և ապիկար գաղութային վարչակազմ են: Նրանք ոչ միայն հնարավորություն տվեցին, որ օտարը ՀՀ տարածքում հերթական անգամ ոտնահարի ՀՀ ինքնիշխանությունն ու մեր ազգային արժանապատվությունը, այլև ոչ մի քայլ չձեռնարկեցին ռուսական կողմի ապօրինությունները կանխելու, առաջին հերթին՝ կասկածյալին ռուսաստանյան ռազմակայանին հանձնելը խափանելու ուղղությամբ, այլև սատարում և մասնակցում էին դրանց, իսկ այնուհետև ամբողջ թափով լծվեցին ռուսական կողմի քայլերն արդարացնելու ու պաշտպանելու գործին:
5. Մի ամբողջ ընտանիքի երեք սերունդ իր երկրում՝ սեփական տան մեջ, սպանդի է ենթարկվել: Ընտանիքի միակ ուղիղ ժառանգորդ է մնացել կյանքի ու մահվան սահմանագծում գտնվող մանկահասակ երեխան: Այդ հիմքով ամբողջ ազգը, բացի գաղութային վարչակազմից, խնամակալության իրավունք է ձեռք բերել նրա նկատմամբ և հարազատի նման ընդունել ու կրում է նրա և նրա ընտանիքի ցավն ու կորուստը: Մինչդեռ գաղութային վարչակազմը, անտեսելով մեր ժողովրդի զգացմունքներն ու իրավունքները և, վախենալով իր օտար տիրոջից, անգամ սուգ չի հայտարարել երկրում:
Միևնույն ժամանակ, ի տարբերություն գաղութային վարչակազմի, մեր ժողովուրդը հերթական անգամ ցույց է տալիս հանուն իր ինքնիշխանության և ազգային արժանապատվության պայքարելու կամք ու վճռականություն՝ պահանջելով գործի քննությունը հանձնել հայկական կողմին:
Այս ամենը վկայում է այն մասին, որ ՀՀ-ում հայ ժողովրդի իշխանությունը հաստատելուց հետո պետք է արմատապես վերանայվի հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը, ՌԴ սահմանապահ ուժերը պետք է անհապաղ դուրս բերվեն ՀՀ տարածքից, իսկ ՌԴ ռազմակայանի հետագա առկայության նպատակահարմարությունը որոշվի բացառապես ՀՀ շահերի գերակայության սկզբունքով:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ողջունում է մեր ժողովրդի արժանապատիվ կեցվածքը և իր զորակցությունն է հայտնում հանուն ազգային արժանապատվության և ինքնիշխանության հաստատման նրա պայքարին:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն