
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Էդուարդ Բաղդասարյանը

2015թ. հունվարի 6-ին 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային և համամիութենական մրցույթների և փառատոների դափնեկիր, երգիչ Էդուարդ Սերգեյի Բաղդասարյանը, հայտնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից:
1954 թվականից Էդուարդ Բաղդասարյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներից էր:
1968 թվականից լինելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար` համերգներով ելույթ է ունեցել Խորհրդային Միությունում և արտասահմանյան տասնյակ երկրներում՝ բարձր կատարողական վարպետությամբ ներկայացնելով հայկական արվեստը:
ՀՀ կառավարությունը, գնահատելով Էդուարդ Բաղդասարյանի կատարողական արվեստը, պարգևատրել է նրան պետական բարձրաստիճան շքանշաններով և մեդալներով:
Էդուարդ Սերգեյի Բաղդասարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին` ժամը 17.30-ից մինչև 19.00 Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: