Բաժիններ՝

Գայանե Ասլամազյան. «2015-ի բոլոր սպասելիքներս կապված են որդուս հետ»

Դերասանուհի, հաղորդավորուհի Գայանե Ասլամազյանը Նոր տարին համարում է ընտանեկան տոն և այն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս նշել է ընտանեկան միջավայրում: 168.am-ին նա հայտնեց, որ 2015-ի իր բոլոր սպասելիքներն ու հույզերն առնչվում են որդուն.

-Գայանե, ի՞նչ տրամադրություն եք ունենում տոնական այս օրերին:

-Ինչ որ տեղ տխրում եմ, ինչ-որ տեղ սպասումներով եմ լցվում… Ամփոփում եմ անցած տարին, փորձում եմ հասկանալ՝ ի՞նչ ձեռքբերումներ եմ ունեցել, ի՞նչ բացթողումներ են եղել, և բնականաբար մեծ սպասումներով եմ դիմավորում Նոր տարին:

-Ի՞նչ ձեռքբերումներ եղան անցած տարում:

-Ձեռքբերումներ եղան ստեղծագործական կյանքում. ես նկարահանվեցի մի քանի գեղարվեստական ֆիլմերում, ինչը կարևոր էր ինձ համար: Իսկ անձնական կյանքում փոփոխություններ չկային: Մեզ համար ավելի բեկումնային է լինելու այս տարին. 2015-ի բոլոր սպասելիքներս կապված են որդուս հետ: Տղաս ավարտում է դպրոցը, և պետք է պատրաստվենք ավելի մեծ կյանքի:

10922098_10203780195569568_1981202276_n

-Որոշե՞լ է՝ ինչ ուղղությամբ է գնալու, և որտե՞ղ եք պատկերացնում նրա ապագան:

-Ապագան պատկերացնում ենք բնականաբար Հայաստանում, բայց ուսումը կցանկանայի, որ նա ստանար երկրից դուրս: Արդեն ընտրել է իր ապագա մասնագիտությունը՝փաստաբան է ուզում դառնալ:
Հուսանք, որ իսկապես պատրաստ կլինի նոր կյանքին, և մեր բոլոր սպասումները կիրականանան :

-Ինչպե՞ս եք գնահատում Նոր տարվա եռուզեռը:

-Ես համարում եմ, որ Ամանորը պետք է լինի ընտանիքի տոն, պետք է ընտանիքը հավաքվի՝ միմյանց հետ ժամանակ անցկացնելու համար, իսկ թե ինչպե՞ս կանցկացնեն, ինչպե՞ս ճիշտ կգտնեն՝ դա յուրաքանչյուրի գործն է: Բայց մի բան հստակ է՝ այն, որ տարվա ընթացքում բոլորն այնքան զբաղված ու խառն են լինում, որ այնպիսի լավ առիթներ, երբ մի քանի օր շարունակ բոլորը միասին լինեն, շատ քիչ են լինում: Ու այդ առիթը պիտի օգտագործվի, իսկ թե ո՞վ ինչպես կօգտագործի՝ արդեն իրենց խնդիրն է:

10888062_10203780195649570_2109418369_n

-Ինչպիսի՞ առանձնահատկություն է ունենում Գայանե Ասլամազյանի Նոր տարին:

-Ինձ թվում է՝ չեմ տարբերվում բոլոր այն մարդկանցից, ովքեր սպասելիքներ ունեն նվերների տեսքով: Սկսել եմ շատ սիրել ոչ միայն Ամանորը, այլ նաև՝ Սուրբ Ծնունդը, սիրում եմ, երբ նշում են, երբ Սուրբ Ծնունդին էլ միմյանց նվերներ են տալիս: Հաճելի է ևս մեկ անգամ միմյանց լավ բառեր ասել, մաղթանքներ լսել և ընդհանուր առմամբ լինել ուրախ, ջերմ միջավայրում: Ընտանեկան ջերմությունն այս օրերին զգացվում է:

-Նոր տարին Ձեր սիրած տո՞նն է:

10917731_10203780195689571_901263683_n

-Ես բոլոր տոներն էլ անխտիր սիրում եմ, որովհետև տոներն առիթ են, որպեսզի մարդիկ կտրվեն իրենց մոխրագույն, գորշ կյանքից, մի փոքր ետ քաշվեն և կյանքի այլ գույն ևս տեսնեն: Շատ եմ սիրում հայ զինվորի օրը, շատ եմ սիրում անկախության տոնը, մարտի 8-ը, ապրիլի 7-ը, անգամ փետրվարի 23-ն եմ սիրում, մենք դա էլ ենք նշում, չնայած մեր ընտանիքի տղամարդը երբևէ չի առնչվել այդ տոնի ժամանակաշրջանին, բայց մենք այն նշում ենք: Տոները առիթ են, որպեսզի ևս մեկ անգամ դու հասկանաս՝ ի՞նչ երկրում ես ապրում, ի՞նչ մարդիկ են քեզ շրջապատում, ի՞նչ է տեղի ունեցել, և այդ ամենն ի վերջո պիտի վերագնահատել, իսկ տոները օգնում են դրան:

-Իսկ տոների առթիվ բարեգործությունը ինչպե՞ս եք գնահատում, մանավանդ, որ օրերս տոնի առթիվ այցելել եք մի սիրիահայ երեխայի:

10893682_10203780195809574_772891491_n

-Այդպիսի մեծ բառով չեմ ուզում բնորոշել իմ այցը, բայց մի ակցիա էր, որին շատ սիրով միացա, ներկայացրին երեխայի սեռն ու տարիքը՝ երեք տարեկան աղջնակ էր, որին ո՛չ տեսել էի, ո՛չ պատկերացնում էի, բայց մոտավորապես փորձեցի հասկանալ, որ ես ինքս երեք տարեկանում ի՞նչ նվեր կուզենայի ստանալ: Եւ քանի որ այդ բալիկն իր ընտանիքի հետ ցավոք կտրվել էր հարազատ վայրից և ուրիշ մի վայրում էր հայտնվել, և գուցե այս տոները նախկինում նրանք ավելի շքեղ ու լավ էին անցկացնում, իսկ այսօր թերևս այդպես չէ, ցանկություն առաջացավ մի փոքր գույն ավելացնել նրա կյանքում, չգիտեմ ինչպես ստացվեց ինձ մոտ՝ բալիկը շատ փոքրիկ ու ամաչկոտ էր, բայց այն, ինչ արեցի, իսկապես տոն էր ինձ համար:

-Տոնական օրերին ի՞նչ առանձնահատուկ ուտելիք եք սիրում:

-Ես առհասարակ, անկախ տոներից, շատ եմ սիրում համեղ ուտել՝ սիրում եմ փորձել, համտեսել տարբեր երկրների ուտեստներ: Իսկ մեր ընտանիքն ունի իր առանձնահատուկ ուտեստները, որ այս օրերին ենք պատրաստում: Քանի որ մերոնք Թբիլիսիից են, ուստի պատրաստում ենք վրացական, բայց հայկական տարբերակով կերակուրներ, որոնցից մեկն էլ սացիվին է:

10921853_10203780195529567_1265970930_n

-2015-ին Ձեր իմիջի մեջ փոփոխություն լինելո՞ւ է:

-Ինձ մոտ ընդհանրապես, վաղուց իմիջի փոփոխություն չի լինում: Հիմա հնարավորություններն այնպիսին են, որ հնարավոր է ժամանակավորապես և՛ կարճ մազ ստանալ, և՛ ուզածդ սանրվածքն ունենալ, և՛ գույնը փոխել: Իսկ մազերի գույնի առումով ես սև գույնի նվիրյալ եմ և լավ եմ զգում իմ ոճի մեջ:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում արտաքինում կտրուկ փոփոխություների դիմող մարդկանց:

-Ես շատ եմ հավանում կտրուկ փոփոխություններ անող մարդկանց, ժամանակին ես էլ եմ դիմել կտրուկ փոփոխությունների, շատ երկար մազերը մի քանի անգամ փոխարինել եմ շատ կարճ սանրվածքով, հիմա մի փոքր երևի բնավորությունս է փոխվել, ինքս չեմ անում, բայց սիրում եմ մարդկանց, ովքեր փոփոխական են: Որպես օրինակ կարող եմ բերել ոճաբան Սոնյային, իբրև յուրահատուկ ու վառ կերպար, ես իրեն ընկալում եմ իբրև մեր քաղաքի գույն, ընկալում եմ այնպիսին, ինչպիսին կա: Ես ինքս ավելի հանգիստ եմ, արտաքինս էլ կարծում եմ համընկնում է բնավորությանս:

-Հասցրե՞լ եք արդեն կարդալ, թե ոչխարի տարին ի՞նչ առնչություններ ունի Ձեզ հետ:

-Չեմ կարդացել կոնկրետ ինձ հետ կապված ինչպիսի՞ն է լինելու տարին, բայց արդեն հասցրել եմ ուսումնասիրել թե 2015-ը ինչպիսի՞ն է լինելու ընդհանուր առմամբ: 2014-ի բոլոր տատանումները՝ քաղաքական, ֆինանսական այնպիսին էին, որ մարդիկ շատ լարված էին, և այս տարվա նկատմամբ էլ կար ինչ-որ մտավախություն՝ արդյո՞ք նորից նույնը պիտի լինի: Ի վերջո, մենք ծնվել ենք փոփոխությունների դարաշրջանում, տեսել ենք, թե ինչպես են փլուզվում երկրները, կազմավորվում, վերակազմավորվում, այդ ամբողջին ներկա ենք եղել, և այդ առումով մարդկանց մոտ մտավախություններ կան: Ամեն ինչն այսօր այնքան արագ է փոխվում, դեպքերն այնքան անկանխատեսելի են, որ երբեք չես իմանա ինչ կլինի վաղը քեզ հետ: Բնականաբար ինձ հետաքրքրեց, ես ընթերցեցի ու հասկացա, որ թեև վախերը բնականաբար շատ են, բայց 2015-ը ընդհանուր առմամբ բավական դրական տարի է լինելու Երկիր մոլորակի համար, և աստղերի ազդեցությունն էլ լինելու է բավականին լավ:

10887842_10203780195769573_1486794381_n

-Ի՞նչ մաղթանքներ ունեք:

-Շնորհավորում եմ բոլորին: Ուզում եմ, որ այս փոփոխությունների դարաշրջանում մարդիկ մի քիչ կայունություն ունենան, լինեն հանդարտ, խաղաղ: Տա Աստված, որ յուրաքանչյուր հայ իմանա, թե ինքը ունի ապահովված ծերություն, երեխաները ունենան խաղաղ մանկություն, ստիպված չլինեն ժամանակից շուտ մեծանալ ու հեռանալ մանկությունից: Թող ոչ մի զինվորի մայր չտխրի, ոչ մի կորուստ չունենանք, իսկապես ապրենք խաղաղ, ու երջանիկ օրեր: Թող այնպես լինի, որ մարդիկ ուղղակի վայելեն իրենց կյանքը հենց իրենց երկրում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս