Քայլ առ քայլ բնակչության շրջանում վստահություն ենք վաստակում. Հարություն Քուշկյան

Արցախի առողջապահության ոլորտի զարգացման ամենակարևոր ազդակներից մեկը ես համարում եմ սրտի ստենտավորման բաժանմունքի բացումը։

Այա մասին «Ազատ Արցախ» թերթի հետ զրույցում ասել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ հավելելով որ անգիոգրաֆիկ բաժանմունք ունենալը չափազանց կարևոր է Արցախի համար, քանի որ մեծ թվով սրտային հիվանդություններով տառապող հիվանդներ ստիպված մեկնում էին Հայաստան՝ հետազոտվելու և բուժօգնություն ստանալու, այդ թվում և՝ սրտի ստենտավորում։

«Ու դա դեռ վերաբերում էր պլանային կարգով բուժման ենթակա հիվանդներին, բայց երբ մարդու մոտ սուր ինֆարկտ է լինում, այստեղ կարևոր գործոն է հանդիսանում ժամանակը։ Այս դեպքում ոչ թե ժամերը, այլ րոպեներն են հաշվված, իսկ ԼՂՀ¬ից Հայաստան գնալը, բոլորս գիտենք, որ մեքենայով տևում է 6-7 ժամ։ Բացի դրանից, տեղում անհրաժեշտ է լինում լուծել նաև կենցաղային և այլ ֆինանսական հարցեր։ Խնդրի առումով մենք զեկուցեցինք ԼՂՀ Նախագահին և նրանից ստացանք հատուկ ցուցում, որ կարողանանք նշված հարցում բարձրացնել պետության մասնակցության դերը»,-ասել է ԼՂՀ առողջապահության նախարարը և ավելացրել, որ եթե Հայաստանում սրտի վիրահատություններն արցախցիների համար կատարվում են 50 տոկոս զեղչով, ապա Ստեփանակերտում պետությունը կվճարի անհրաժեշտ գումարի 70 տոկոսը, իսկ հիվանդը՝ մնացած 30 տոկոսը։

2015թ-ին նախարարի խոսքով, հնարավորություն կստեղծվի սուր ինֆարկտների դեպքում, այսինքն` երբ անհապաղ պետք է փրկել մարդու կյանքը, անմիջապես ցուցաբերել անվճար բուժօգնություն՝ առանց նայելու, թե հիվանդն ինչպիսի հնարավորություններ ունի։

Անդրադառնալով անցած տարում Արցախի առողջապահության ոլորտում ունեցած հաջողություններին՝ Քուշկյանը նշել է, որ այն ընդհանուր առմամբ առաջընթացի տարի է եղել է: «Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կանադայից այցելած մասնագետների հետ մեկտեղ մենք մշակել ենք ծրագրեր` զարգացնելու բժշկական ոլորտի առանձին ուղղություններ։ Իրոք, վերելք կա, ու սա ոչ թե խոսքի համար եմ ասում, այլ իրականում քայլ առ քայլ բնակչության շրջանում վստահություն ենք վաստակել դեպի Արցախի առողջապահական համակարգ` բարձրանելով բժշկի և բուժքրոջ վարկանիշը»,-եզրափակել է ԼՂՀ առողջապահության նախարարը։

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:

Տեսանյութեր

Լրահոս