Բաժիններ՝

Պետք է խոստովանել, որ տարին բարդ է եղել աշխարհաքաղաքական առումով. Դավիթ Բաբայան. tert.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ անցնող տարին բավական հագեցած էր և՛ ձեռքբերումներով, և՛ տարբեր տեսակի մարտահրավերներով:

«Ամենաբացասական երևույթը եղել է այն, որ Ադրբեջանը շարունակել է իր ապակառուցողական քաղաքականությունը, աննախադեպ խախտումներ է իրականացրել, ամենաստոր ձևով խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռը, մի բան, որ նույնիսկ պատերազմի ժամանակ չի եղել»,- Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով 2014 թվականը և խոսելով 2015 թվականի պլանների ու ակնկալիքների մասին՝ ասաց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով, թե հակառակորդը շարունակել է դիվերսիոն գործողությունները, փորձ է կատարել ուղարկել այդ դիվերսիոն խմբերը Արցախի խորքերը:

«Իհարկե՛, այդ ամենը վնասազերծվել է՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ բոլոր համապատասխան կառույցներն արդյունավետորեն իրականացնում են իրենց աշխատանքը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ հաջողվել է պահպանել կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում՝ ինչն ամենամեծ ձեռքբերումն է:

Դավիթ Բաբայանը ձեռքբերումների շարքում նշեց տնտեսության զարգացումն ու աճի շարունակությունը: «Դեռևս ամփոփվում են տվյալները, բայց կգրանցենք 7-8, նույնիսկ 9 տոկոս աճ: Շահագործման են հանձնվել բազմաթիվ կարևոր օբյեկտներ, հիվանդանոցներ, շարունակվել է ճանապարհների շինարարությունը, նոր գործարաններ են կառուցվում»:

Կարևոր ձեռքբերումներից է նաև այն, որ մեծ թափ է ստացել Արցախի միջազգային ճանաչումը. «2014 թվականին ամենակարևոր ձեռքբերումը եղավ Կալիֆոռնիա նահանգի և Բասկերի երկրի կողմից Արցախի փաստացի ճանաչումը: Մենք նպատակներ ունենք շարունակել այդ գործընթացը և ընդլայնել այդ ճանաչման գործընթացի աշխարհագրությունը»,- շեշտեց պարոն Բաբայանը:

«Պետք է խոստովանել, որ տարին բարդ է եղել աշխարհաքաղաքական առումով, բայց, բարեբախտաբար, կարողացել ենք պահպանել կայունությունն ու հանգստությունը և՛ երկրում, և՛ տարածաշրջանում»,- ասաց նա:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս