Նույն սեփականատիրոջ 2 բուժհիմնարկները՝ Դիլիջանում
tesankyun.am-ը գրում է. Դիլիջանի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սահակ Մկրտումյանի վկայությամբ՝ այդ ԲԿ-ի լուծարման գործընթացը, որ սկսվել է հոկտեմբերին, շարունակվում է: Այն կտեւի երկու ամիս: Դիլիջանի ԲԿ-ն ունի 170 աշխատակից:
Դրա լուծարումից հետո աշխատակիցները նոր հիմունքներով աշխատանքի են ընդունվելու: Նրանից ոմանք մտավախություն ունեն,որ կորցնելու են իրենց աշխատատեղը: Սահակ Մկրտումյանին հարց ուղղեցինք աշխատողների հնարավոր կրճատումների մասին:
Նա ասաց, որ Դիլիջանի բժշկական կենտրոնում սպասվում է 2 միլիոն դոլարի ներդրում, շենքային պայմանները բարելավվելու են, նոր սարքավորումներ են տեղադրվելու, հավանական է՝ բացվեն քիթ-կոկորդ-ականջի եւ անոթային վիրաբուժության բաժանմունքներ:
Ս. Մկրտումյանին հարցրինք, թե Դիլիջանի բժշկական կենտրոնի սեփականատեր «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ սեփականատերը ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյա՞նն է: Նա չժխտեց դա: Կառավարության էլեկտրոնային ռեգիստրում որպես այդ ընկերության սեփականատեր նշված է ՀՀ քաղաքացի Հասմիկ Վարդանյանի անունը:
Դիլիջանի բժշկական կենտրոնի լուծարումը կատարվում է ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 23-ի թիվ 116-Ա որոշմամբ: Այդ որոշման 1-ին կետով 2947,7 քմ ընդհանուր մակերեսով շենքը՝ շինություններով եւ դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված 0.7530 հա հողամասով հանդերձ ուղղակի վաճառքի ձեւով օտարվել է «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ-ին:
Կառավարության 2009թ. նոյեմբերի 19-ի թիվ 1314-Ն որոշմամբ «Դիլիջանի պոլիկլինիկա» ՓԲԸ շենք-շինությունները՝1041 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը եւ դրա զբաղեցրած 0.4 հեկտար հողատարածքն ուղղակի ձեւով օտարվել է նույն «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ-ին: Պոլիկլինիկայի շենքի եւ հողի ուղղակի վաճառքի գին է սահմանվել 95 միլիոն 32 հազար դրամը: Պոլիկլինիկայի շենքի նորոգումից եւ տեխնիկապես հագեցնելուց հետո այդտեղ 2013թ. հունվարի 26-ին հանդիսավոր բացվեց «Տավուշ» բժշկական կենտրոնը, ներկա էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Դիլիջանում նույն սեփականատիրոջը պատկանող երկու բժշկական հաստատությունների գործունեությունը որքանո՞վ արդյունավետ կլինի:
Տավուշի մարզպետարանի սոցապ եւ առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը հայտնեց, որ հաջորդ տարվա պետպատվերով բժշկական ծառայությունների համար պայմանագիր է կնքվելու Դիլիջանի բժշկական կենտրոնի հետ: Դովլաթբեկյանն ասաց, որ «Տավուշ» ԲԿ-ն մարզպետարան է դիմել բնակչության համար անհրաժեշտ որոշ բժշկական բարդ հետազոտություններ պետպատվերով կատարելու առաջարկով, այդ հարցը քննարկման փուլում է: