Բաժիններ՝

«Սարգիս Անանյանի գլխին մեկամսյա գերության ընթացքում պարկ են հագցրել, հարվածել նրա գլխին եւ ոտքերին»

tesankyun.am-ը գրում է. Ադրբեջանական գերությունից 2014թ. սեպտեմբերի 25-ին վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ֆինանսական հնարավորություն չունի Երեւան մեկնելու, այնտեղ արյան հետազոտության ենթարկվելու:

Այդ հետազոտությամբ պետք է պարզվի՝ Ադրբեջանում Ս. Անանյանին վնասակար նյութեր ներարկե՞լ են, թե՝ ոչ: Ներկայումս Սարգիսը ապրում է իր որդու՝ Նորիկի տանը, որը գտնվում է Նոյեմբերյանի բազմաբնակարան շենքերից մեկում:

Նորիկը Ռուսաստանից վերադարձել է,որպեսզի առողջական խնդիրներ ունեցող հորը խնամի: Նա ասաց, որ Սարգիսն իրեն այնքան էլ լավ չի զգում, նա դեղեր է ընդունում,որոնք նրան կօգնեն մտքերը կենտրոնացնելու, գիշերները հանգիստ քնելու:

Այդ ղեղերը անվճար տրամադրում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը: Նորիկի խոսքերով՝ Նոյեմբերյանի քաղաքապետարանը Սարգիս Անանյանին 20 հազար դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել: Նորիկն ասաց, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատողները Սարգսին կտեղափոխեն Երեւան, որպեսզի նրա առողջական վիճակը ստուգեն:

Նա հայտնեց նաեւ,որ ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի ղեկավարած «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության աշխատակիցները առաջիկայում աջակցություն կցուցաբերեն Սարգիս Անանյանի առողջական վիճակը հետազոտելու համար:

Նորիկն այժմ, թեկուզ ժամանակավոր, աշխատանք է փնտրում, որպեսզի հորն անհրաժեշտ խնամքի համար գումար ունենա: Ադրբեջանը Հայաստանի հետ լայնածավալ քարոզչական պատերազմ է ծավալել,որի ընթացքում օգտագործում է սուտը եւ զրպարտանքը:

Պատանեկան տարիքից հաշմանդամի կարգավիճակ ունեցող,առողջական, այդ թվում՝ հոգեկան, լուրջ խնդիրներ ունեցող Սարգիս Անանյանի գլխին , մեկամսյա գերության ընթացքում պարկ են հանգցրել, հարվածել նրա գլխին եւ ոտքերին:

Ադրբեջանական քարոզչամեքենան նրան ներկայացրել է մի մարդու, ով Հայաստանում տիրող սովից ճարահատյալ է հատել սահմանը, հայտնվել Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղի տարածքում, իբր Նոյեմբերյան քաղաքի բնակչության 80 տոկոսը սոցիալական վատ վիճակի պատճառով ցանկանում է վերաբնակվել Ադբեջանում: Նույն քարոզչամեքենան հիմա լռում է, թե «սովից փախած» մարդը ինչո՞ւ է ցանկացել Հայաստան վերադառնալ: Սարգիս Անանյանի Հայաստան վերադառնալուց 2 ամիս հետո նա դեռ բժշկական լուրջ հետազոտության չի ենթարկվել:

Ադրբեջանցիների կողմից նրան ծեծելը, նրան, հավանաբար, թունավոր նյութեր ներարկելը կարող է Սարգսի առողջական վիճակը խիստ վատթարացնել: Այդ պատճառով Ս. Անանյանին բժշկական համալիր հետազոտության ենթարկելը խիստ անհրաժեշտություն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս