Հարուցվել է քրեական գործ` «Նախախորհրդարան» շարժման անդամ Ս. Մելքոնյանի ավտոմեքենան հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ

Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`«Նախախորհրդարան» շարժման անդամ Ս.Մելքոնյանի ավտոմեքենան դիտավորությամբ, հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ:

2014թ. նոյեմբերի 27-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ հրկիզման եղանակով այրել է Երևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մելքոնյանին պատկանող «CHERY TIGGO» մակնիշի ավտոմեքենայի անվադողը և հետևի վահանը` Ս.Մելքոնյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս.Մելքոնյանը ճանաչվել է որպես տուժող:

Նշանակվել են դատաապրանքագիտական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին` ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս