Բաժիններ՝

«Ադրբեջանը պատերազմ է ուզում… ուզում է եւ վախենում…իսկ մենք պետք է ատամ ցույց տանք». ԳԱԼԱ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպի, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի գործողությունների եւ միջազգային կառույցների արձագանքի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ:

Նրա կարծիքով մեր կողմի սխալն այն է եղել, որ ՄԻ-24 ուղղաթիռը հասել է մինչեւ չեզոք գոտի:

«Ուղղաթիռները պետք է սահմանագծին չմոտենան: Պետք չէ այդպես անել: Պետք չէ սադրել, պրովոկացիները ցանկալի չեն, որովհետեւ այդ մեթոդներով ոչնչի չենք կարող հասնել: Եթե զորավարժություններ են անցկացնում, ապա սահմանին այդքան մոտենալ պետք չէ, ուղղաթիռը ցանկալի չէ, որ թռչեր սահմանից երկու քայլ այն կողմ, որովհետեւ ցանկացած հակառակորդ կմտածի՝ հիմա այս ուղղաթիռը հարձակում կգործի մեզ վրա: Այդ իսկ պատճառով զորավարժություններն անցկացվում են տարբեր տեղերում, բայց ոչ ուղիղ փշալարերի վրա…»:

Միեւնույն ժամանակ Տեր- Գրիգորյանցը շեշտում է, որ հակառակորդի ցանկացած ագրեսիվ քայլ պետք է անհապաղ կանխել, թույլ չտալ, որ Ադրբեջանն իր հերթին սադրանքների լեզվով խոսի: «Հարկավոր է հակահարված հասցնել, ընդ որում տասն անգամ ավելի ուժեղ, քան հակառակորդը: Ես այդպես եմ գտնում: Ինքներս կրակ չպետք է բացենք, որովհետեւ այդ քայլով մենք կխախտենք պայմանավորվածությունը:

Սակայն երբ նրանք են մեզ հարվածում, պետք է շատ դաժան հակահարված տալ, որպեսզի թշնամին չմտածի, որ գործ ունի թույլի հետ: Որովհետեւ նրանք փորձարկում են իրենց զինտեխնիկան,պրովոկացիա են անում, որովհետեւ պատերազմ են ուզում: Փորձարկում են մեր կարողությունները, մեր պատրաստվածությունը: Դրա համար եմ ասում, որ միանշանակ պետք է հակադարձ կրակ բացել: Ու նաեւ անմիջապես կապ հաստատել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ:

Իմ ժամանակ օրինակ մենք այդպես էինք անում: Պարբերաբար հաղորդակցվում էինք, կապ հաստատում՝ ճշտելու համար, թե ինչ է կատարվում, որովհետեւ շատ հաճախ ադրբեջանական դիրքերից հենց այնպես էին կրակ բացում: Ասենք ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ են, պաշտպանության նախարարությունը տեղյակ չէ: Այդ պատճառով պետք է պահել կապը զինվորականների, սպաների միջեւ… Դիվանագիտական կապն այլ բան է, բայց որ պետք է զինվորականները միմյանց հետ կապ հաստատեն, դա այլ բան է, որպեսզի չլինեն պրովոկացիաներ»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս