Ջոն Հեֆերն. Լարվածությունը պետք է հակամարտության կողմերը չեզոքացնեն
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածությունը պետք է կողմերը չեզոքացնեն: Թվիթեր սոցիալական ցանցի իր միկրոբլոգում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Այսօր` Երևանի ժամանակով ժամը 15:00-ից մինչև 16:00-ը, Հայաստանում ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Եվրոպական Միության և Լիտվայի դեպանները մասնակցել են թվիթերյան հարցուպատասխանի։ Հենց այս ասուլիսի շրջանակներում էլ դեսպան Հեֆերնին հարց են ուղղել` թե ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ միջազգային հանրությունը չկարողացավ ապահովել հայկական կողմի մոտենալը ուղղաթիռի անկման վայրին: Ի պատասխան` դեսպանն ասել է. «Մինսկի խումբը խիստ հայտարարություն է արել` կոչ անելով թույլատրել մոտենալու աճյուններին: Լարվածությունը պետք է կողմերը չեզոքացնեն»:
Թվիթերի մեկ այլ օգտատեր հետաքրքրվել է` ինչո՞ւ է միջազգային հանրությունը մասնավորապես ուղղաթիռի միջադեպի կապակցությամբ հավասարության նշան դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև` խուսափելով Ադրբեջանին ուղղակիորեն քննադատելուց:
Պատասխանելով այս հարցադրմանը` Ջոն Հեֆերնը նշել է. «Համանախագահները Բաքվին կոչ են արել թույլատրել վերադարձնել օդաչուների մասունքները, իսկ Երևանին` լիարժեք համագործակցել»:
Նա նաև ավելացրել է, որ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում զերծ մնալ ռազմական հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից և աջակցել ԵԱՀԿ-ի հետաքննությունների մեխանիզմին: