Բաժիններ՝

Ներկայացվել է 9 ամիսների արտակարգ պատահարների վիճակագրությունը

Արտակարգ դեպքերից զոհերի թիվը նվազել է
Նոյեմբերի 25-ին «Բլից Ինֆո» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի հյուրն էր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Ասուլիսը նվիրված էր 2014 թ. առաջին 9 ամիսների ընթացքում հանրապետության տարածքում գրանցված արտակարգ պատահարների վիճակագրությանը:

– Այս տարին աչքի է ընկել արտակարգ դեպքերի առատությամբ,- իր խոսքում նշեց Հ. Խանգելդյանը,- 9 ամսվա ընթացքում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում արձանագրվել է 9525 դեպք, որոնց հետևանքով զոհվել է 445 և տուժել 6702 մարդ: Դեպքերի մեծ մասը տեխնածին են: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 8507 դեպք, 466 զոհ և 6619 վիրավոր:

Փրկարարների շնորհիվ այս տարի փրկվել է 133 մարդու կյանք: Պատահարների գերակշիռ մասը տեղի է ունեցել մայրաքաղաքում: Տարին աննախադեպ էր ուժեղ քամիների քանակով ու պատճառած վնասով: ԱԻՆ «911» ծառայությունը ծանրաբեռնված աշխատել է` օրական պատասխանելով 2-6 հազար զանգի: 9 ամսվա ընթացքում ՃԿԿ օպերատիվ հեռախոսահամարներին ստացվել է 1 117 300 զանգ, որոնց թիվը 2012-2013 թթ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է համապատասխանաբար` 139 991 (14.3 %) և 76 906 (7.4 %) զանգով:

Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը, լրագրողների խնդրանքով, անդրադարձավ նաև առաջիկա օրերին սպասվող եղանակին և եղանակային պայմանների հետ կապված արտակարգ դեպքերին` ևս մեկ անգամ խնդրելով վարորդներին տրանսպորտային միջոցները շահագործելիս պահպանել անվտանգության կանոնները:

Իհարկե, «911» ծառայությունում ստացվում են նաև զանգեր, որոնք բոլորովին չեն վերաբերում ԱԻՆ գործառույթներին, սակայն անպատասխան չի մնում ոչ մի զանգ: Օգտվելով առիթից` Հ. Խանգելդյանը կոչ արեց մեր համաքաղաքացիներին լավ իմանալ ու պահպանել անվտանգության վարքականոնները, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան օգնել թե իրենք իրենց, թե իրենց շրջապատին, և անպայման զանգահարել «911», եթե հայտնվել են անելանելի իրավիճակում:

Հանրապետության տարածքում 2014 թ. 9 ամսվա արտակարգ պատահարների վիճակագրությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս