Մոսկվան սահմանափակելու է ՀՀ ազատությունը. Նարինե Մկրտչյան
Որքան էլ պնդեն, թե ԵՏՄ-ն տնտեսական միություն է, այնուամենայնիվ, այն քաղաքական կառույց է: Նման տեսակետ այսօր խորհրդարանում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:
Ըստ նրա՝ Մոսկվան սահմանափակելու է ՀՀ ազատությունը, ՌԴ-ն սպառնում է խառնվել ՀՀ ներքին գործերին, ինչը հակասում է բոլոր միջազգային նորմերին, նաև մաքսային դրույքաչափերը քաղաքական փաստարկ են և քաղաքական նպատակներ են հետապնդում:
ՀՀ ռազմավարական հիմնական գործընկերոջ կողմից զենքի վաճառքի մասին Ն.Մկրտչյանը նշեց, որ 2013-14թթ-ին ՌԴ-ն Ադրբեջանին վաճառել է մոտ 4 մլրդ դոլարի զինտեխնիկա, Բելառուսը նույնպես զենք է մատակարարում Ադրբեջանին, իսկ Ղազախստանը քանիցս արտահայտել է ադրբեջանամետ դիրքորոշում, այսինքն՝ ԵՏՄ հիմնադիրները հայամետ դիրքորոշում չունեն:
Ն.Մկրտչյանի խոսքով՝ լեզվամշակութային ոլորտում պարզ է, որ ՌԴ-ն աստիճանաբար պահանջելու է նվազեցնել հայերեն լեզվի դիրքերը և սկսվելու է ռուսերենի հաղթարշավը, ու եթե 10 տարի հետո տնտեսական հետևանքները հնարավոր կլինի շտկել, ապա լեզվամտածողությունը՝ ոչ:
Նա տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս երիտասարդ ազգերը առաջ անցան 3000-ամյա պատմություն ունեցող հայ ժողովրդից:
ՄԱԱ նախագահը հուզված կոչ արեց, խնդրեց չստորագրել այդ «անիծված պայմանագիրը ու չարժանանալ սերունդների նզովքին»: