Ըստ Շավարշ Քոչարյանի՝ ծայրահեղ սցենարները իրականություն չեն դառնա
Ռուսաստանը կոլապսի մոտ է, և ինչպես Խորհրդային Միությունը քանդվեց, այնպես էլ պուտինյան Ռուսաստանը կքանդվի: Այսօր խորհրդարանում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ ՌԴ-ում կան ուժեր, որ կանխատեսում են իրենց երկրի ապագան եվրոպական սցենարով: Զ.Փոստանջյանը հարցադրում արեց՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունն ունի՞ կանխատեսում՝ ո՞րն է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագան և եթե Պուտինի նախաձեռնած այս ավանտյուրան չիրականանա, ո՞րն է լինելու մեր ապագան:
«Ասում են՝ հոռետեսն ավելի լավ տեղեկացված լավատեսն է: Ես ավելի լավատես եմ, կարծում եմ, ավելի լավ տեղեկացված եմ»,- պատասխանեց ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ այդ ծայրահեղ սցենարները իրականություն չեն դառնա, և ապագան սրացումը չէ: Փոխնախարարի համոզմունքով՝ կա ԵՄ-ն իր շուկայով, կա ԵՏՄ-ն իր շուկայով, ու դրանք իրար են մղվելու սեփական շահից ելնելով, ՀՀ-ն էլ իր դերն է խաղալու:
«Երբ որոշումը կայացվել է, ամեն ինչ հաշվի է առնվել՝ և՛ այդ սցենարները, և՛ ՀՀ, և՛ Ղարաբաղի ապագան»,- ասաց Քոչարյանը: