
Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սելիմի լեռնանցքը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղը մառախլապատ են: Թեթև մառախուղ է նկատվում նաև Մեղրու սարերում:
Գորայք-Սառնակունք ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Ճամբարակ քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում, ինչպես նաև Շիրակի մարզում: Գիշերվա ընթացքում թեթև ձյուն է տեղացել նաև Սյունիքի մարզի Գորիս, Սիսյան և Մեղրի քաղաքներում: Անձրև է տեղում Արարատի մարզում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն