Գազատար կա, գազ չկա
tesankyun.am-ը գրում է. Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ> պետական հիմնարկի կողմից, Հայաստանին տրված վարկային միջոցներով, 2007թվականից սկսած գազաֆիկացվել են Տավուշի մարզի Աչաջուր, Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Չինարի համայնքները:
2012 թվականից գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս,Կոթի,Ոսկեվան, Բարեկամավան եւ Ջուջեւան համայնքներում: Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ գազախողովակաշար:
Սահմանամերձ վերոհիշյալ 6 գյուղերից խորհրդային տարիներին միայն Ոսկեպարն է եղել գազաֆիկացված,օգտվել բնական գազից: Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Աշաղի Աքսիբարա գյուղը սնուցող գազատարն անցնում էր Ոսկեպարի տարածքով:
Դրա համար Ոսկեպարի բնակիչները անցյալ դարի 80-ական թվականներին Ադրբեջանի տարածքից ձգվող գազատարից անվճար էին օգտվում: Վերոհիշյալ անտառամերձ համայնքները գազաֆիկացված չէին, ուստի անտառի վրա մարդկային ճնշումը մեծ էր, տարիներ շարունակ մեծ ծավալի հատումներ են արվել:
Ներկայումս այդ համայնքներում գազաֆիկացման աշխատանքներն ավարտված են: Ջուջեւան համայնքում գազատար խողովակն անցկացված է, սակայն ներքին ցանցը դեռ կառուցված չէ: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ այդ համայնքների ղեկավարները չգիտեն, թե երբ կգործարկվեն գազատարները, երբ իրենք կօգտվեն կապույտ վառելիքից:
Սահմանամերձ Ոսկեվանում 2014թ. հունիսի 1-ին հանդիսավորությամբ, նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, բացվեց մանկապարտեզ, որի կառուցման համար ծախսվել է 117 միլիոն դրամ: Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանն ասաց, որ նորակառույց գեղեցիկ շենքը պետք է ջեռուցեն բնական գազով, եթե փայտ այրող վառարաններ տեղադրեն, շենքի ներսը կվնասվի:
Գյուղապետի խոսքերով` մանկապարտեզում առայժմ էլեկտրական տաքացուցիչներ են տեղադրել, սակայն ձմռան ցրտին այդ տաքացուցիչներով ջեռուցման խնդիրը չի լուծվի, ստիպված կլինեն փայտ այրող վառարաններ տեղադրել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: