Իգոր Մուրադյան. Հայաստանին ստորացնում են, այդ թվում` անձամբ Վլադիմիր Պուտինը
«Ռուսաստանը մեծացրել է իր ազդեցությունը Ադրբեջանում և կցանկանար լարվածություն հրահրել Հարավային Կովկասում»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը` մեկնաբանելով ուղղաթիռի խոցման դեպքը Լեռնային Ղարաբաղում:
Ըստ նրա` Ադրբեջանը շահերով մոտ է Ռուսաստանին, և խոշոր ռազմական սադրանք իրականացնելով սահմանին` Բաքուն հիշեցրել է Արևմուտքին իր շահերի մասին և միաժամանակ հիշեցրել Ռուսաստանին, որ պատրաստ է կոնկրետ տարածաշրջանային առաջադրանքներ կատարել:
Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի հայկական պատասխանը Ադրբեջանին, նա պատասխանեց. «Այդ որոշումը պետք է կայացնեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ զինվորականները, ովքեր արդեն վաղուց պետք է իրենց վրա վերցնեին երկրի անվտանգության պատասխանատվությունը»:
Քաղաքագետը համոզված է, որ Ռուսաստանը «տապալվելու» է Արևմուտքի կողմից և որպես պետություն` փլուզվելու է, ուստի այս պայմաններում Հայաստանը ոչ թե պետք է հարմարվի իրավիճակին, այլ մշակի երկրի կենսաապահովումը փրկելու մոբիլիզացիոն ծրագիր:
«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է դիմակայենք ռուսական իմպերիալիզմին քաղաքացիական հասարակության ուժերով: Հայաստանին ստորացնում են, այդ թվում` անձամբ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանն իր առջև խնդիր է դրել նվաստացնել Հայաստանը և հայ ժողովրդին ծայրահեղ ձևով և գլխավորը` ստիպել Հայաստանին ճանաչել վասալացման և իր նվաստացած կարգավիճակի օրինականությունը: Ամենագլխավոր քաղաքական գործոնն ազգի պատիվն է, և նույնիսկ այդ գործում Ռուսաստանը հետևողական քաղաքականություն է իրականացնում»,- ավելացրեց Ի. Մուրադյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: