ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելություն. Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունն իրավիճակի սրման համար

ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության հայտարարությունը Մշտական խորհրդի նիստին

ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության հայտարարությունը Մշտական խորհրդի նիստին Նոյեմբերի 20-ին ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունը Մշտական խորհրդի նիստին հանդես եկավ հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ: Անդրադառնալով Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուսումնական թռիչք իրականացնող ՄԻ-24 ուղղաթիռի կործանմանը՝ հայկական կողմը տեղեկացրեց, որ Ադրբեջանը խոչընդոտում է փրկարարական խմբերի փորձերը` մոտենալու ուղղաթիռի անկման վայրին՝ անընդհատ հրաձգության տակ պահելով տեղանքը:

Ընդգծվեց, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների փորձերը` ներգրավվելու անձնակազմի անդամների տարհանման և տեղանքի դիտազննման աշխատանքներին, մերժվել են Ադրբեջանի կողմից: Դրանով իսկ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի հանձնառությունները, որոնք նախատեսում են հակամարտությունների բոլոր կողմերի պարտավորությունը` առանց որևէ հետաձգման ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները` փնտրելու և հավաքելու վիրավորներին, հիվանդներին և զոհվածներին: ՀՀ առաքելությունը կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին հավատարիմ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և դադարեցնել անձնակազմին մոտենալը կանխարգելելուն միտված զինված գործողությունները: Շեշտվեց, որ Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունն իրավիճակի սրման համար:

Տեսանյութեր

Լրահոս