Պարգևատրվեցին «Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում» խորագրով համաժողովի հաղթողները

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ «Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում» խորագրով համաժողովի հաղթողների պատվոգրերի հանձման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի մասնակից երիտասարդները պատմեցին առաջարկների մասին և ծանոթացան իրենց գաղափարների վերաբերյալ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների կարծիքներին:
Առաջարկների թվում էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից շրջիկ ցուցադրությունների հիմնումը, որոնք հանդես կգան ամբողջ աշխարհում, գրքերի և տեղեկատվական նյութերի թարգմանությունն այլ լեզուներով և տարածումը: Մեկ այլ երիտասարդ առաջարկում էր միաժամանակ աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում բաց թողնել մեկ ու կես միլիոն աղավնի, որոնք կխորհրդանշեն Ցեղասպանության զոհերին: Այս գաղափարը հնարավորություն կունենար գրանցվելու Գինեսի ռեկորդների գրքում:

ՓԱՍՏԱՐԿ ծրագրի շրջանակներում սա երկրորդ մեծամասշտաբ միջոցառումն էր:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը շնորհավորեց համաժողովի հաղթողներին և շնորհակալություն հայտնեց վերջիններիս հետաքրքրության համար` նշելով, որ հենց երիտասարդներն են այսօրվա պահանջատերերը:
Համաժողովի հաղթող ճանաչվեց Երևանի պետական բժշկական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողուհի Տիգրանուհի Ղարագյոզյանը:

Տիգրանուհին նշեց, որ ծրագրի մասին տեղեկացել է համացանցից: «Շատ հակիրճ փորձել եմ ներկայացնել իմ գաղափարները, քանի որ երբևէ հնարավորություն չեմ ունեցել խոսելու այս թեմայի շուրջ: Մասնագիտությամբ բժիշկ եմ և Հայոց ցեղասպանությամ մասին արտահայտվել եմ միայն ընտանեկան քննարկումների ժամանակ: Երբ իմացա Փաստարկ ծրագրի մասին, շատ ուրախացա և ներկայացրեցի 6 կետ, որոնք անհրաժեշտ եմ համարում իրականացել 2015-ին ընդառաջ: Հետագայում նույնպես մեծ հաճույքով կմասնակցեմ նմանատիպ միջոցառումների` անկախ նրանցից դրանք կլինեն մրցութային, թե ոչ: Կարծում եմ սա յուրաքանչյուր հային հուզող թեմա է և պետք է բոլորս մեր` թեկուզ մեր փոքր լուման ներդրենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում»,-նշեց առաջին մրցանակակիրը:
Միջոցառման կազմակերպիչները խոստացան, որ մասնակիցների ծրագրերը կհանձնվեն խնդրով զբաղվող համապատասխան մարմիններին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Տեսանյութեր

Լրահոս