«Ժառանգությունը» ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին քաջության կոչ է անում
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարեց, որ դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում քաղաքացիական հավաք է հրավիրում և կոչ է անում մյուս կուսակցություններին՝ խորհրդարանական թե արտախորհրդարանական միանալ իր հրավիրած հավաքին: Սա նշանակում է, որ «Ժառանգությունը» որոշել է եռյակից առանձին գործել, քանի որ Հովհանիսյանի հայտարարությունից պարզ էր, որ նման հավաքի հրավիրումը համաձայնեցված չէ եռյակի մյուս կուսակցությունների հետ:
Ինչու է Հովհաննիսյանը որոշել անկախ գործել՝ առանց ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի: Հովհաննիսյանը մանրամաս խոսեց այն հարաբերությունների մասին, որոնք ձևավորված են եռյակում:
Ըստ նրա՝ թեև ձևավորվել է միասնական հրապարակ, սակայն չի ձևավորվել միասնական հարթակ, քանի որ հարթակում առնվազն երկու հարցի վերաբերյալ կան տարաձայնություններ:
Առաջինը՝ միասնական օրակարգի բացակայությունն է, մյուսը՝ քաղաքական պայքարի շարունակականության հարցը: Ըստ Հովհաննիսյանի՝ ինքն առաջարկել է, որ եռյակի անդամ կուսակցությունների լիդերները միասնական նպատակների վերաբերյալ համատեղ հռչակագիր ստորագրեն, որտեղ ամրագրված կլինեն համաժողովրդական շարժման առջև դրված խնդիրները և դրանց հասնելու ուղղիները, սակայն նրա այդ առաջարկը որևէ արձագանք չի ստացել մյուս երկու կուսակցությունների ղեկավարների կողմից:
«Քանի դեռ այս խնդիրները լուծված չեն մենք չենք կարող միացյալ որոշումների, միացյալ նպատակների, միացյալ շարժումների մասին»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Միասնական օրակարգ ասելով՝ «Ժառանգության» նախագահը նկատի ունի ամբողջական և համակարգային իշխանափոխության իրականացում, և արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների կազմակերպում: Ինչ վերաբերում է հանրային միջոցառումների շարունակականության հարցին, Հովհաննիսյանը ասում է, որ իրենք ակնկալում են, որ մինչև նոյեմբերի վերջ եռյակը ևս մեկ հանրային միջոցառում կկազմակերպի:
Հովհաննիսյանը մի քանի անգամ կրկնեց, որ իրենք ակնկալում են որ այդ հանրահավքը անպայման կկայանա, մանավանդ որ և ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումներ են ուղարկել քաղաքապետարան:
«Հույս ունենք, որ նոյեմբեր ամսին մենք կիջնենք հրապարակ, հույս ունենք, որ մենք կունենանք միասնական առաջարկ հայ մարդուն«,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի այս հայտարարությունից պարզ էր, որ «Ժառանգության» ներկայացուցիչները եռյակի համատեղ նիստերի ժամանակ բարձրացրել են նոյեմբերին համատեղ հանրահավաք անցկացնելու հարցը, սակայն եռյակում այս հարցում կոնսենսուս չի եղել և հիմա ինքը ստիպված հրապարակային է հայտարարում դրա մասին:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 10-ին հայտարարված երթին, ապա Հովհաննիսյանը այս դեպքում ևս հասկացրեց, որ իրենք թեև մասնակցելու են մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված երթին, սակայն դա չեն համարում եռյակի համատեղ միջոցառում, առավել ևս՝ քաղաքական համատեղ ակցիա:
Նա հայտարարեց, որ «Ժառանգությունը» անպայման կմիանա ՀԱԿ-ի կողմից ավանդաբար անցկացվող երթին, որը նվիրված է Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարմանը: Հովհանիսյանը այսպիսով հասկացնել տվեց նաև, որ այդ երթը չի կարելի կապել հայտարարված իշխանափոխության հետ:
Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղակի չի ասում, սակայն նրա հայտարարությունից պարզ է դառնում, որ «Ժառանգությունը» եռյակին առաջարկել է համատեղ հռչակագիր ստորագրել պայքարի համատեղ նպատակների և սկզբուների վերաբերյալ, առաջարկել է նոյեմբերին հանրահավաք անցկացնել, բայց քանի որ այս առաջարկները եռյակի մյուս երկու կուսակցությունների կողմից մերժվել են, ինքը ինքնուրույն գործելու որոշում է կայացրել:
Րաֆֆի Հովհանիսյանը հասկանում է, որ միայնակ հրավիրելով քաղաքական հավաք, ինքն, ըստ էության, «Ժառանգությունը» դուրս է դնում եռյակից: Բնականաբար, չի կարելի ակնկալել, որ եռյակի մյուս երկու կուսակցությունները կարող են հայտարարել, որ նրանք միանում են Հովհաննիսյանի հրավիրած հավաքին, քանի որ նրանք մշտապես հայտարարել են, որ հանրային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումները ընդունվում են համատեղ:
Բացի դա չափազանց ինտրիգային է Հովհաննիսյանի հավաքի կարգախոսը`«Հիմա ժամն է. ով որ քաջ է թող միանա»:
Ստացվում է, որ նրանք, ովքեր չեն միանա այդ հավաքին, որի նպատակը «Անհապաղ և ամբողջական իշխանափոխությունն է»՝ Հովհաննիսյանը հռչակում է վախկոտներ: Միթե այսքանից հետո կարելի է ակնկալել, որ եռյակի մյուս անդամները կցանկանան համագործացել «Ժառանգության» հետ:
Ճիշտ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ի հավաքը հրավիրում է ոչ թե «Ժառանգության», այլ անձամբ իր անունից, բայց այդ նույն ժամանակ նրա կողքին կանգնած էին կուսակցության վարչության մյուս անդամները, այդ թվում և եռյակի հետ բանակցող Ռուբեն Հակոբյանը և Արմեն Մարտիրոսյանը:
Հ.Գ. Իր հայտարարությունից հետո Հովհաննիսյանը չպատասխանեց որևէ հարցի՝ ասելով, որ իրենք այժմ «Ժառանգության» վարչության նիստ են հրավիրում, իսկ հարցերին ինքը կպատասխանի 10 օր հետո: 10 օրից նոյեմբերն ավարտված կլինի, և Հովհաննիսյանը այդ ժամանակ ավելի բաց կարող է խոսել այն մասին, թե ինչու եռյակի անդամ կուսակցությունները չբավարարեցին նոյեմբերին հանրահավաք անելու իրենց սպասումները և ինչու են իրենք ստիպված միայնակ հրավիրել քաղաքական հավաք:
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ